Անկախության օրը ռուսական դրոշի առկայությամբ զորահանդես անելը բնականաբար անընդունելի է, բայց շատ կարևոր մի դիտարկում եմ ցանկանում անել, որը հետևողականորեն անտեսվում է: Նախ՝ ինչպես մնացած, այնպես էլ այս խնդրի շուրջ դաշտում աղմուկ բարձրացնողները կրկին փորձում են պայքարել հետևանքների, այլ ոչ պատճառների դեմ:
Քանի դեռ ռուսական օկուպացիոն բանակը 102-րդ ռազմաբազայի տեսքով տեղակայված է Հայաստանում, մենք անընդհատ բախվելու ենք այս խնդրին, իսկ ռամաբազան ՀՀ-ից հեռացնելու համար միայն ֆեյսբուքում իվենթներ բացելով ու տարբեր լրատվականներում Գանդիի նկարով վերնաշապիկներով լալահառաչ տեքստեր ասելով ոչնչի չենք հասնելու: Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ մի քանի տասնյակ համախոհներով «մի բաժակ ջրում փոթորիկներ անելով» տեղ չենք հասնելու և ավելին՝ տապալելու ենք ցանկացած օրակարգ:
Եթե ցանկանում ենք խնդիրներ լուծել, ապա մեր երկրում այդ խնդիրները սպասարկող ցանկացած քաղաքական և հասարակական օրակարգ պետք է ունենա ՀՀ քաղաքացիների զգալի հատվածի աջակցությունը, իսկ դրա համար ռուսական դրոշի դեմ 10 հոգով փողոց դուրս գալով հարց չի լուծվելու, այլ, ընդհակառակը, հերթական անգամ հետաձգվելու է վերոգրյալ աջակցությունը ստանալը: Ուստի, սեպտեմբերի 21-ին ընդդեմ ռուսական դրոշի ցանկացած ակցիա բացի հուզական պոռթկումից, այլ հարց չի լուծելու:
Հ.Գ. Եվս մեկ անգամ տարընթերցումներից զերծ մնալու համար նշեմ, որ ինձ համար էդ օկուպանտ երկրի դրոշի առկայությունն իմ երկրի անկախության տոնին անընդունելի, ես կասեի, նվաստացուցիչ է, բայց այլ բան է խնդրի անընդունելիությունը և լիովին այլ բան «մեկ բաժակ ջրում փոթորիկ» անելով ավելի ու ավելի ամրացնել ռուսական դրոշի ներկայությունը ՀՀ-ում:
Նարեկ Սամսոնյան