Նկարում Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) միջացառման մասնակիցներն են՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքում, 1925 թ.:
ՀՄԸՄ-ն պաշտոնապես հիմնադրվել է 1918-ի դեկտեմբերին Պոլսում։ Սկզբնական փուլում, որն ընդգրկում էր Պոլսում գործելու քառամյա ժամանակաշրջանը (1918-1922), միությունն առավելապես զբաղվել է բարեգործական աշխատանքներով։
ՀՄԸՄ-ն ստանձնել էր ավելի քան 20 հազար հայ որբերի խնամատարությունը, տարագիրների կայանի համար ձմեռվա վառելիքի հայթայթումը, ակտիվորեն մասնակցել ազգային նվիրահավաքներին, մասնավորապես՝ 1920-ին ի նպաստ Հայաստանի առաջին Հանրապետության բանակի կազմակերպված հանգանակությանը, իրականացրել է հայ որբերից գյուղատնտեսներ պատրաստելու և նրանց հայրենիք ուղարկելու ծրագիրը, զբաղվել նրանց սկաուտական ու մարզական դաստիարակությամբ։ 1920-ի հուլիսին ՀՄԸՄ կենտրոնական վարչությունը, ընդառաջելով առաջին Հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերին, Հայաստան է ուղարկում պատվիրակություն, որտեղ ընդգրված էին Վահան Չերազը, Տիգրան Խոյյանը, Օնիկ Յազմաճյանը՝ մարզական և սկաուտական դաստիարակություն կազմակերպելու և տարածելու համար։
1922 թ. սեպտեմբերի 16-ին Պոլսի ՀՄԸՄ կենտրոնական վարչությունն իր վերջին նիստում որոշում է լուծարել միությունը Թուրքիայում, քանի որ քեմալական շարժման ծավալման հետևանքով կացությունը երկրում դարձել էր անբարենպաստ։ Միությունը հարկադրված էր իր ժողովրդի հետ տարագրվել և շարունակել հայապահպան առաքելությունը սփյուռքում: Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Հորդանանում և Իրաքում հաստատվածները ստեղծեցին ՀՄԸՄ մասնաճյուղեր՝ համախմբելով հայ երիտասարդությանը սկաուտական և մարզական խմբերի մեջ։
Ռուբեն Շուխյան