Նկարում ապագա կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն է իր ծնողների՝ Հարություն և Արծվիկ Բաբաջանյանների հետ:
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թ. հունվարի 22-ին Երևանում: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Նալբանդյան փողոցի հարևանությամբ գտնվող երևանյան նշանավոր թաղամասերից մեկում: Դա մի մեծ, մարդաշատ ու համերաշխհ բակ էր՝ ներկայիս Սախարովի հրապարակի հարևանությամբ: Սերը դեպի երաժշտությունն Առնոյին անցավ հորից. Հարություն Բաբաջանյանը մաթեմատիկայի ուսուցիչ էր, սակայն երաժշտության մեծ սիրահար՝ նա նվագում էր քամանչա, շվի ու ֆիսհարմոն: Հետագայում կոմպոզիտորը հուզմունքով հիշում էր. «Հատկապես հոգեպարար էր նրա շվին, իսկ «Դլե յամանը»՝ ուղղակի լսել էր պետք»:
Առնոյի երաժշտական կարողությունները դրսևորվեցին վաղ հասակից, իսկ հայ մեծերի հետ երկու հանդիպումները դարձան ճակատագրական նրա համար: Այնպես ստացվեց, որ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը: «Մի անգամ մեր մանկապարտեզ մի այցելու եկավ: Այդ մարդը մեզ խնդրեց երգել, որպեսզի պարզեր, թե մեզանից ով երաժշտական լսողություն ունի: Ես նույնպես երգեցի' միաժամանակ ծափահարելով ռիթմին համահունչ: Այդ մարդը լսեց ու ասաց, որ ես պետք է զբաղվեմ երաժշտությամբ: Իսկ հետագայում ես իմացա, որ այդ մարդն Արամ Իլյիչ Խաչատրյանն էր»,- հիշում էր Առնո Բաբաջանյանը:
Իր առաջին ստեղծագործությունը' «Պիոներական քայլերգը», Առնոն գրեց 9 տարեկան հասակում: Այն շատ է դուր գալիս Պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ Եղիշե Չարենցին, ով էլ նախաձեռնում է այդ ստեղծագործության տպագրությունը: Մինչև իր կյանքի վերջն Առնո Բաբաջանյանը սրբությամբ պահպանեց մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ պատանեկության տարիներին հանդիպման մասին թանկ հուշերը:
Ռուբեն Շուխյան