Թիֆլիսի Ներսիսյան հայկական դպրոցի շենքը... 1910-ականների բացիկի վրա պատկերված է Թիֆլիսի Ներսիսյան հայկական դպրոցի նոր շենքը, որը կառուցվել էր 1909-1911 թթ.՝ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ֆինանսավորմամբ: Շենքի ճարտարապետական խմբի ղեկավարն է եղել թիֆլիսահայ անվանի ճարտարապետ Պ. Զուրաբյանը:
Ի դեպ, Ներսիսյան դպրոցի այս շենքը երեսպատվել է հայկական տուֆով, որը հատուկ այդ նպատակի համար երկաթգծով բերվել էր Հայաստանից:
Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է Թիֆլիսում 1824 թվականին՝ այդ ժամանակ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ, այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոս՝ ականավոր ազգային գործիչ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով: Հետագայում իր հիմնադրի անունով այն կոչվել է Ներսիսյան և գոյատևել մի ամբողջ դար՝ մինչև 1924 թիվը։ Ներսիսյան դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։
Այստեղից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ, գիտնականներ, մանկավարժներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ։
Ռուբեն Շուխյան