Երկար էր թվում ճանապարհը: Այն ճանապարհը, որ տանում էր դեպի տուն: Բայց, շունչս պահած, հասա: Ահա մեր բակը. միանգամից աչքիս առաջ եկավ մանկությունս' զվարճալի խաղեր, հետաքրքիր զրույցներ: Որքան արկածային օրեր եմ ունեցել այստեղ: Իսկ հիմա այլ էր ամեն բան: Փոխվել էր ամեն ինչ:

 

Նույնիսկ ծանոթ դեմքեր, ծանոթ հայացքներ չտեսա: Այլևս չկային այն մեծ կանայք, ովքեր բարկանում էին մեզ վրա' իրենց հանգիստը խանգարելու պատճառով: Որքան էր փոխվել իմ հուշերի բակը, իսկ ես այնքան տաքուկ էի այն պահում իմ հիշողություններում: Արդեն արցունքախառն աչքերով մոտեցա մեր տանը: Մի փոքր վախ կար սրտումս. գուցե այստեղ էլ էր շատ բան փոխվել… բայց, չէ, այստեղ նույնն էր ամեն բան: Իմ այցն անակնկալ էր լինելու ընտանիքիս համար. նրանք չգիտեին իմ' հայրենիք վերադառնալու մասին. պատկերացնում եմ մորս ուրախության ճիչն ու հորս լուռ լացը:

 

Եվ, վերջապես, ծանր ճամպրուկս առաջ հրելով' թակեցի մեր տան դուռը (երևի կյանքումս առաջին անգամ էի այն թակում): Դա մտածելով' հուզմունքս չկարողացա զսպել, ու անմիջապես բացեցի դուռը (կարծես ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ այստեղ հյուր չեմ): Առաջացա: Տան խորքի սենյակից լսեցի հորս ձայնը.


_ Ո՞վ ա:


Մարմնովս սարսուռ անցավ, բայց ձայն չհանեցի: Լուռ առաջ էի գնում: Մայրս ընդառաջ եկավ.
_ Բալե'ս, ի'մ բալեն, աչքերիս չեմ հավատում:


_ Մա'մ,- այնպես կարոտով այդ բառն ասացի ու ամուր գրկեցի,- հավատա, մա'մ, ես եմ, եկել եմ:


Մի քանի րոպե այդպես գրկախառնված մնացինք, մինչև որ հայրս, ով համեստ բնավորություն ուներ ու շատ համբերատար էր, ասաց.


_ Ինձ էլ հերթ կհասնի՞:


Ձայնը լսելուն պես' շրջվեցի ու վզովն ընկա:


Այնքան հետաքրքիր է ամեն բան: Երբ հեռվում էի, կարոտս թվում էր անասելի, շունչս էր կտրվում այդ կարոտից, բայց հիմա այն ավելի ուժեղ դարձավ: Հիմա վախենում եմ անգամ բաց թողնել նրանց: Ինչպե՞ս եմ ապրել նրանցից հեռու, առանց այս ջերմության: Ինչո՞ւ որոշեցի միայն հիմա վերադառնալ, արդյոք որոշումս ճիշտ էր: Արդեն ուշ էր որևէ բան փոխել, իսկ այս ակնթարթները կյանքում ոչնչով չէի փոխի:


_ Մա'մ, ամենից շատ կարոտել եմ քո եփած սուրճի բույրը:


Միտքս հասկանալով' անմիջապես անցավ գործի: Մինչ նա սուրճն էր պատրաստում, ես տան մի անկյունից մյուսն էի գնում. որքան կարոտ կա այս տան պատերի ներսում, որքան կարոտ կա այս մի փոքրիկ նկարում (ձեռքս էի առել հորս ծնողների նկարն ու արտասվում).  «շուտով ձեզ էլ կտեսնեմ»:

 

Չնայած որ կարոտս անբացատրելի էր, բայց վախենում էի այդ մտքից: Ա~խ, որքան շատ են այստեղ հիշողություններս, վախենում եմ չհասցնել ամեն բան: Վերջապես զգացի սուրճի բույրը. կարծես մի ողջ կյանք էի սպասել այդ սուրճին: Այնքան ագահաբար այն խմեցի' յուրաքանչյուր ումպի հետ զգալով մորս ջերմությունն ու սերը: Հետաքրքիր զրույցներ ունեցանք:

 

Անդադար հարցեր էի տալիս ծնողներիս. ուզում էի ամեն բան իմանալ. այնքան, որ մայրս նույնիսկ կատակեց.


_ Մոռացար մորաքրոջդ կատվի մասին:


Ես էլ շարունակեցի.


_ Վա~յ, մա'մ, իսկապես, դեռ կա՞ նրանց կատուն:


Այդ պահին հայրս, արցունքն աչքերին, ծիծաղելով ասաց.


_ Հումորդ անգամ նույնն է մնացել, շատ չի փոխել քեզ էդ եվրոպաները:
Մի փոքր ազդվեցի հորս խոսքերից: Այդ պահին բոլորս լռեցինք: Զգացի ծնողներիս մոտ անհանգստություն: Անընդմեջ իրար էին նայում. կարծես ուզում էին որևէ բան ասել, բայց չգիտեին, թե նրանցից որ մեկն ասի: Անմիջապես հասկացա նրանց միտքն ու թույլ չտվեցի, որ խոսեն:


_ Երևի ուզում եք հարցնել, թե որքա՞ն ժամանակով եմ եկել, չէ՞:


Մայրս չդիմացավ.


_ Հա', նորից գնալու ե՞ս:


_ Գնալու եմ,- մի փոքր մտազբաղ, բայց շատ կտրուկ ասացի' ինքս իմ խոսքից վախենալով:


_ Ա~խր, ի՞նչ ես գտել էդ օտար երկրներում, ի՞նչ կա այնտեղ,- ասաց հայրս:


_ Պա'պ, ես ասացի գնալու եմ, բայց չասացի' ո՞ւր:


_ Եվ ո՞ւր,- հարցրեց մայրս:


_ Դե, որ գնալու եմ, դա հաստատ, բայց ոչ Հայաստանից:


Մայրս ժպտաց, հորս աչքերում ուրախության փայլ տեսա:


_ Բա այդ դեպքում ո՞ւր ես գնալու,- մայրական հարցերն անվերջանալի են:


_ Մա'մ, դե մի օր բոլորս էլ գնալու ենք:

Այդպես էլ եղավ. մեկ ամիս անց իմ հուշերի տանը տեղի ունեցավ հոգեհանգիստ:


_ Մա'մ, մի' լացիր, մի օր նորից ինձ կտեսնես:


Բայց այս անգամ մայրս ձայնս չեր լսում:


Արուսիկ Քանդիկյան