Այսօր անվանի երգիչ, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է: Մեծ վարպետին ցանկանանք քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Նա ծնվել է 1941թ.-ի հունվարի 12-ին Երևանում: Իր Ռուբեն Մաթևոսյանը 20-րդ դարի 60-ական թվականներին հայ երգարվեստ եկած ամենաինքնատիպ անհատականություններից մեկն է, ով իր երգչական կենսագրությունը սկսեց Արաքսյա Գյուրզադյանի հովանավորությամբ և կարճ ժամանակ անց հաստատուն տեղ գրավեց մեր կատարողական արվեստում' իր ինքնատիպ մեկնաբանություններով, ձայնային հրաշալի տվյալներով, անսահման զգացմունքայնությամբ, վոկալի առանձնահատկություններով նմանը չունենալով: Ռուբեն Մաթևոսյանի յուրատեսակ նվաճումները դարձան նաև 20-րդ դարի երկրորդ կեսի աշուղներ Աշոտի, Հավասու, Շահենի ստեղծագործությունների կատարումները: Իր բացառիկ ձայնածավալով, կատարման ինքնատիպություններով, զգացմունքային ահռելի կուտակումներով նշանավոր երգիչը, ով այսօր ազգային երգի ամենամեծ վարպետն է, ձայնագրել է մի քանի հարյուր երգ, հանդես եկել աշխարհի վաթսունից ավելի երկրներում, ունեցել մի քանի տասնյակ հազար համերգ, նրան նվիրվել են բազմաթիվ հրապարակումներ և հաղորդումներ, ստեղծվել է «Ո՞վ կոտրեց ձայնապնակը» երաժշտական ֆիլմը…

Ժողովրդական և աշուղական երգերից զատ' Ռուբեն Մաթևոսյանն իր երգացանկում ընդգրկեց հայ երգահանների ստեղծագործություններ և ռոմանսներ, մասնավորաբար առանձնակի փայլով կատարեց Արամ Մերանգուլյանի, Վաղարշակ Կոտոյանի, Գրիգոր Հախինյանի, Վլադիլեն Բալյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ստեփան Ջրբաշյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, այլոց ստեղծագործությունները, դիմեց նաև օպերային երգեցողությանը' հանդես գալով Սարոյի դերերգով Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Շատերի համար անսպասելի համարվող այս կատարումն արժանացել է ժամանակի մեծագույն արվեստագետների, մասնավորաբար Գոհար Գասպարյանի բարձր գնահատականին: Ռուբեն Մաթևոսյանի արվեստով հիացել ու նրա ստեղծագործությանը բարձր գնահատականներ են տվել Մարտիրոս Սարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Լյուդմիլա Զիկինան, Նիյազին, ուրիշներ:

Դասավանդելով Առնո Բաբաջանյանի անվան քոլեջում և պետական կոնսերվատորիայում' մանկավարժ-երգիչը նաև նպաստեց այն բանին, որ հայ երգարվեստ գան շնորհալի անուններ: Ռուբեն Մաթևոսյանը մեծ ավանդ բերեց նաև Արամ Մերանգուլյանի ստեղծած անսամբլի պահպանմանը' արդեն մոտ քսան տարի ղեկավարելով այն:

Աղբյուր' hayernaysor.am