Մեր հանրությունը երբեք աչքի չի ընկել ռեֆլեքիսիա անելու ու ինքն՝ իրեն կողքից նայելու ունակությամբ, իսկ հիմա, կարելի է ասել, ընդհանրապես հրաժարվել ենք դրանից։ Դա ինչ-որ տեղ պայմանավորված է փոքր ազգերի բարդյութով ու դրանից բխող այնպիսի կազուսներով, ինչպիսիք են մենակ անցյալով հպարտանալը (հաճախ՝ ապականելով ներկան ու թքած ունենալով ապագայի վրա), բոլոր հայտնի ու կիսահայտնի մարդկանց մոտ հայկական գեն մոգոնելը և այլն։
Սակայն այս ամենից զատ, չգիտես՝ ինչու, բայց մեզ թվում է, որ մենք եսիմ ինչ մի բացառիկ ազգ ենք, որի վրա սոցիալական հոգեբանության, սոցիոլոգիայի ու քաղաքագիտության նորմերը չեն տարածվում։ Պարզապես անհնար է։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք հայ ենք։ Էհ հետո՞։ Ասենք ո՞վ է ասել, որ հանրությանը մասսայական փսիխոզի ու մոլորության հասցնելու տեխնոլոգիաները մենակ ղրղզների, ուկրաինացիների, արաբների, կամ էլ սերբերի համար են մշակվել, իսկ այ հենց հերթը հասնում է մեզ, ապա դրանք փոզմիշ են լինում։
Այ հենց այդ ռեֆլեքսիայի ու ինքնաքննադատության ունակությունների բացակայությունը մեզ հետ բազմիցս վատ կատակներ է խաղացել։ Խաղացել է ինչպես դարասկզբին, այնպես էլ դարավերջում։ Ու խաղում է հիմա։ Ու քանի դեռ ինքներս մեզ չենք կարողանում սթափ գնահատել ու մեկ-մեկ մի կողմ դնել ինքնահիացական ծովիցծովհայաստանիզմն ու մերլինմոնրոնէլէրհայիզմը, չար կատակները հա էլ կրկնվելու են, իսկ կոտրած տաշտակը մնալու է դեմներս։
Կոնստանտին Տեր-Նակալյան