Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերը հայ հասարակության համար նոր փորձաշրջանի նմանվեցին: ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցելու նպատակով ստեղծվեց «Համակարգող խորհուրդ», որը կազմակերպում էր գնդում գտնվողներին աջակցող ցույցերն ու երթերը: Խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ժամեր առաջ հայտարարեց, որ Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը: «Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:


Այս փուլում խորհրդի աշխատանքների դադարեցումը տրամաբանական է, քանի որ այն, ինչ վերջին մի քանի օրերին տեղի ունեցավ ամենօրյա հավաքների և երթերի ժամանակ, վաղ թե ուշ պետք է հանգեցների դրան: Փաստենք, որ հուլիսի 17-ից սկսված ցույցերը շատ հաճախ է դուրս գալիս վերահսկողությունից՝ դառնում են անկառավարելի: Հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ իրավիճակային ընդունած որոշումները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ: Չնայած ցույցերի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը և մյուս համակարգողները փորձում էին ամեն բան անել՝ մասնակիցների և ոստիկանների բախումներից խուսափելու համար, սակայն տեղի ունեցածը անկառավարելիության հերթական դրսևորումն էր՝ վատ հետևանքներով:


Խորհրդի աշխատանքների դադարեցումն ունի նաև այլ արդարացումներ. որևէ մեկն այս իրավիճակում չի փորձում ստանձնել համակարգողի դերը, չկան երաշխիքներ, որ ցուցարաները հետագայում կհարգեն խորհրդի ընդունած որոշումներն ու կենթարկվեն դրանց: Ասել է թե՝ նա, ով հետագայում կստանձնի ցույցերի ղեկավարությունը և կուղղորդի մասնակիցներին, պետք է անի հնարավոր բոլոր քայլերը բախումները բացառելու և արյունահեղություն թույլ չտալու համար:

 

Արմեն Հովասափյան