Ադրբեջանը տեխնիկապես պատրաստ է միավորել Ադրբեջանի, Իրանի ու ՌԴ-ի էներգետիկ համակարգերը՝Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի շրջանակներում:Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:


Նա հիշեցրել է, որ Իրանի ու ՀՀ-ի էներգետիկ համակարգերը միավորված են, իսկ Իրանն՝Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի միավորման դեպքում տարեկան կստանա լրացուցիչ 600-700 մեգավատտ էլեկտրաէներգիա:


Օգոստոսի ութին Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի, ՌԴ-ի ու Իրանի նախագահները, որոնք Իրան-Ադրբեջան-ՌԴ երկաթգծի շինարարությունից զատ քննարկելու են նաև երեք երկրների էներգետիկ-տրանսպորտային համակարգերի միավորման հարցը:


Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նաև իրանական նավթն ու գազն արտահանել ՌԴ-ը և հակառակ ուղղությամբ՝դառնալով երկու երկրների համար տարանցիկ կարևոր միջանցք:


ՌԴ-Ադրբեջան-Իրան տրանսպորտային, էներգետիկ նոր միջանցը փոխելու է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական պատկերը: Ադրբեջանը, որը մինչ այդ իր բոլոր էներգետիկ-տրանսպորտային, լոգիստիկ նախագծերն իրականացնում էր Արևելք-Արևմուտք՝Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությամբ, այժմ փոխում է լոգիստիկ ուղենիշը՝դեպի ՌԴ-Ադրբեջան-Իրան-Ծոցի երկրներ-Հնդկաստան ուղղություն:
Ադրրբեջանն այս կերպ փորձում է պահպանել բալանսը տարածաշրջանային տերությունների՝Թուրքիայի ու Իրանի միջև, ինչպես նաև ուժային այլ կենտրոնների՝Արևմուտք, ԵՄ, ԱՄՆ, ինչպես նաև ՌԴ-ի հետ:

 

Ադրբեջանական նավթն ու գազը արտահանվում են եվրոպական շուկաներ, բացի այդ, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա ղազախական, թուրքմենական նավթն ու գազը ՌԴ-ը շրջանցելով արտահանել դեպի Արևմուտք, իսկ դա կարող է հանգեցնել Մոսկվայի դժգոհությանը: Կրեմլին որոշ չափով սիրաշահելու և միակողմանի թուրքամետ չերևալու համար Բաքուն գնում է նաև ՌԴ-ի հետ տրանսպորտային-էներգետիկ նախագծերի կյանքի կոչմանը, ինչպես նաև շարունակում մեծ քանակությամբ ռուսական զենքեր գնել՝ուժեղացնելով իր ռազմական կախվածությունը Մոսկվայից՝բալանսը պահպանելու համար:

 


Ինչ վերաբերվում է օգոստոսին կայանալիք Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպմանն, ապա այն նոր մակարդակի վրա է բարձրացնելու Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքի կապերը, քանի որ պատժամիջոցներից ազատված Իրանը ցանկություն ունի ընդլայնել կապերը ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ, իսկ Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի համար կարևոր է սերտ կապեր հաստատել բազմամիլիոնանոց Իրանի հետ՝այդ շուկա դուրս գալու համար: Ադրբեջանն այս համատեքստում սկսում է կատարել նույն այդ տարանցիկ ֆունկցիան, որ կատարում է Հարավային Կովկասում Վրաստանը՝Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, ԵՄ-ի համար դառնալով միջանք՝Սև ծով-Կասպից ծով-Կենտրոնական Ասիա-Չինաստան՝Մետաքսի ճանապարհի առանցքի վրա:

 

Արտյոմ Բալասանով