Ստեղծված իրավիճակը հոգեբանական առումով նման է 2008-ին՝ հասարակությունը բաժանվել է անհանդուրժող-թշնամական բևեռների: Եթե այն ժամանակ մի կողմում հստակ կանգնած էին ընտրությունների արդյունքը՝ իրենց ձայնը պաշտպանողները, հիմա արդեն քանի գնում՝ ավելի է ամեն բան խճճվում, և բոլորովին պարզ չէ, թե ինչ պետք է լինի:


2008-ին կատարվողը զարթոնք էր, հիմա՝ հուսահատության անելանելի, ոչ մի տեղ չտանող պոռթկում: Սխալ հանգուցալուծումը կարող է դուռ բացել, որ սա նախադեպ լինի, և սպասված ու անսպասելի այսուայնտեղ նորանոր պոռթկումներ լինեն՝ անարդյունք, արյունալի, ոչ մի կերպ չխանգարելով նրանց, ովքեր Հայաստանը հրել են անդունդը...


Իհարկե, փաստ է , որ այսպես ապրել հայ ժողովուրդն այլևս չի կարող:
Բայց և փաստ է, որ իր ծառայության պահին սպանված գնդապետը չէր այդ ամենի մեղավորը:
Ու ընդհանրապես՝ տարօրինակ բաներ կան՝ թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը, թե Վիտալի Բալասանյանի հետ զինված խմբի անարդյունք հանդիպումը, թե Օսկանյանի-Իսագուլյանի հայտնությունը... Ես շփոթված եմ և հրաժարվում եմ գրողների ու արվեստագետների հայտարարության տակ իմ ստորագրությունից. այլևս վստահ չեմ, որ որևէ խոսք, այդ թվում՝ այդ հայտարարությունը, կարող է ի բարին ծառայել: Բոլորն ազատ են՝ մտածելու և գործելու իրենց պատկերացումների շրջանակներում: Քանի որ իմ ունեցած տեղեկությունները, մեղմ ասած, հակասական են, ես հիմա գերադասում եմ զենքերս վայր դնել և հանձնվել... դեպքերի զարգացմանը: Թող Աստված օգնական լինի ազնիվ մտադրություն ունեցող մոլորվածներին և անվրեպներին:


Խնդրում եմ չքննարկել:
Այս բառերը իմ կյանքում գրված ամենադժվար բառերից են. քիչ է պատահել, որ այսքան կարկամած ու անօգնական եղած լինեմ: Եվ ամեն հաջորդ վայրկյանին կասկածեմ նախորդ մտքիս արդարացիության և ճշմարտացիության վրա: Երանի անսխալականներին:

 

 

Կարինե Աշուղյան