Մի հարց էլ է ինձ շատ հետաքրքիր: Մեր պետության մեջ Նիկոլ Փաշինյանից բացի էլ ուրիշ գործիչ չկա՞: Ինձ մի քիչ դժվար է մեղադրել (ծիծաղելի է հնչում) կամ թեկուզ կասկածել Նիկոլ Փաշինյանի համակիրը լինելու մեջ, որքան էլ որ, ի տարբերություն շատերի, համերկրացի (քոլեցի) և ժուռնալիստ Նիկոլին ես շատ ու շատ վաղուց եմ ճանաչում ու այդ շրջանից միայն դրական առումով եմ հիշում, հուսով եմ, ինքն էլ (բայց անձնական «մեմուարները» մի կողմ):
Երեկ նայում եմ՝ Նիկոլն է միայն էս կողմ-էն կողմ վազվզում, մեգաֆոնով վիճակ բացատրում, ինֆորմացիա տալիս, պրովոկատոր ֆիքսում, անկապ բաներ ասողի սաստում: Հետո նայում եմ՝ էլի ինքն է:


OK! Ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանը քաղաքական նյուխ ու ջիղ ունենալով, նաև իր հռչակած «միակ ընդդիմություն» ծրագրին համապատասխան, որպես արդեն քաղաքական գործիչ, ձգտում է հնարավոր առավելագույնը քաղել առկա իրավիճակում: Չնայած, չեմ կարծում, թե նման իրավիճակը նրա երազանքն էր, որքան էլ ժամանակին «թավշե հեղափոխության» մտմտումներ ուներ, ներկայիս՝ ինստիտուցիոնալ ընդդիմության, առհասարակ՝ ինստիտուցիոնալ գործունեության մոտեցման տեղակ: Ենթադրենք:


Բայց եթե անգամ դա հենց էդպես է, որ կա: Արա, բա էն մնացա՛ծն ո՞ւր են: Նաև նրանք, որ խորհրդարանի դահլիճում Նիկոլին «բան էին ասում»: Բա լավ, իշխանական, չիշխանական կուսակցությունները, գործիչներն ո՞ւր են: Թե չէ, տպավորություն ա, թե սաղ իրար են խառնվել, իսկ «հասարակական-քաղաքական էլիտան» ջուրբերան և ձեռուոտը կապված, նստել է:


Մարդ ա՝ կես բերան մի բան ասեցին կամ չասացին, ու՝ վե՞րջ: Բա ոչ խորհրդարանակա՞ն գործիչները: Այրեր ու տիկիններ ո՞ւր եք: Բա ազատամարտիկների բազմաթիվ կազմակերպություններ կան, քավ լիցի՝ հետպատերազմյան կյանքում դեռևս չարատավորված հրամանատարներ ու նաև ոչ պակաս վաստակ ունեցող մարդիկ կան: Տղերք, ո՞ւր եք: Գուցե հավաքվե՞ք, խելք-խելքի տաք, փորձեք համակարգված ձևով ձեր նպա՞ստը բերել էս վիճակի հանգուցալուծմանը:
Թե՞ որ լռում եք, իրար չեք գալիս (սա բոլորին եմ ուղղում), ուրեմն ձեզ մի այլ կարգի «դզո՞ւմ» ա էս լարված ու մեծ հաշվով՝ պայթյունավտանգ վիճակը:
Կամ, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցին: Հա, կաթողիկոսը հայտարարություն տարածեց հուլիսի 17-ին: Ու վե՞րջ: Վե՞րջ, իրենց գործը համարեցին ավարտվա՞ծ: Բա մի հատ եկեք, տեսեք, հասկացեք, հասկացրեք...


Մտավորականները թերթերի էջերում են «խոսում», գործիչները՝ «կամեռաների» առաջ: Բայց պրոբլեմն էն է, որ մի խումբ հայրենակիցներ ոչ թերթի, ոչ էլ «ծելեվիզրի» տիրույթում են: Դրսում են: Ու դա նաև զանազան պրոֆեսիոնալ մուտիլովշիկների սրիկայական ախորժակները գրգռող իրավիճակ է: Բա գոնե եկեք էդ մարդկանց, ոնց որ ասվում է՝ տեր կանգնեք, ո՞ւր եք:
Կներեք, բորբոքվեցի: Բայց Աստված վկա՝ ոչ մի մարդու վիրավորելու մտադրություն իսկ չունեմ: Եթե վիրավորվող կամ խայթվող եղավ, գուցե նույնիսկ լավ է, մեկ-մեկ մեղվի կծածն ստիպում է նաև «իրար գալ»:

 

 

Արմեն Հակոբյան