Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, «System Of a Down» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Նա, մասնավորապես, գրել է. «Աշխարհը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, էքստրիմիզմի և մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների նկատմամբ: ԱՄՆ-ում անզեն սևամորթ տղամարդկանց սպանությունները, դրանց ի պատասխան՝ ոստիկանների թիրախավորված սպանությունները, Թուրքիայում հասարակության մի մասին ապօրինաբար փողոց դուրս հանելը՝ իբր ի պատասխան պետական հեղաշրջման փորձի, Հայաստանում, ոստիկանության կողմից կոշտ միջոցներ կիրառելով, քաղաքացիական առաջնորդներին «հավաքելն»՝ ի պատասխան զինված խմբի կողմից ոստիկանության գնդի գրավման, խաղաղ բնակիչների սպանությունները Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլ երկրներում, այսպես կոչված, ԻՊ-ի կողմնակիցների կողմից… և այս ցուցակը կարելի է շարունակել:
Պարզ է մի բան, քաղաքակրթությունն իր ներկա վիճակով սպառել է իրեն: Մեզ խիստ անհրաժեշտ է պարզել՝ ինչպես հաղթահարել մարդու կողմից մարդու նկատմամբ բռնություն կիրառելու հիվանդությունը:
ԱՄՆ-ում մենք պետք է փոփոխությունների մշակույթ տեսնենք միակողմանի բռնի գործողություններից դեպի արդարադատությանը ծառայելը՝ սկսելով ոստիկանությունից:
Թուրքիայում մենք պետք է պնդենք մեր ձայնը՝ հանուն առաջադեմ փոփոխությունների և ընդդեմ Էրդողանի դոգմատիկ ռեժիմի:
Հայաստանում պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքից, որը քանդում է երկիրն անկախությունից ի վեր:
Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասար հնարավորություններ ապահովող միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, չափավորության և արդարության շնորհիվ»: