Ոնց հասկանում եմ, Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները հիմա ոչ այնքան կոնֆլիկտը լուծելուն են ուղղված, այլ այն գոնե մի քանի շաբաթով էլ հետաձգելուն։ Դրա մասին են վկայում ինչպես հենց բանակցությունների ընթացքը, այնպես էլ մի շարք այլ հարակից զարգացումներ։
Ինքներդ դատե՛ք․ ամեն նոր հանդիպման արդյունքում, ընդունվում է համատեղ այնպիսի հայտարարություն, որի տեքստն ավելի թույլ էր, քան նախորդ հանդիպմանը։ Վիենայում ինչ-որ չնչին բաների շուրջ, կարծես թե, հաջողվել էր համաձայնության հասնել, բայց Պետերբուրգում արդեն այդ պայմանավորվածությունները փոզմիշ եղան։


Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն իր հերթին այնպիսի դիրքորոշում է հայտարարել վերջին օրերին, որ բացարձակապես անհանդուրժելի է մյուս կողմի համար․ Ալիևը հայտարարեց, որ բացառում է ԼՂՀ-ի անկախության ճանաչումը և այն լինելու է միյան Ադրբեջանի կազմում, Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ցանկացած փուլային տարբերակի կյանքի կոչման դեպքում առաջին փուլը լինելու է Արցախի անկախության ճանաչումը, նոր մնացածը։ Դե իսկ Սերժ Սարգսյանն էլ արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում գրեթե բաց տեքստով հայտարարում է, որ չկա այդպիսի ուժ, այդպիսի գերտերություն, որ կհամոզի Արցախի հայերին, որ Ադրբեջանում ապրեն։ Նախագահի խոսքերով, գերտերություններն ու միջազգային կառույցները կարող են իհարկե խնդրին ուժային լուծում տալ՝ այս կամ այն կողմի օգտին, բայց մեր պարագայում դա ենթադրելու է Արցախի հայության գենոցիդ։ Ասել է թե՝ պատրա՞ստ էք Էնվեր-Թալեաթական կնիք ստանալուն, հարգելի՛ ուժեղներ։

 


Վերահաս պատերազմի մասին են հուշում նաև հենց Ադրբեջանում շարունակվող զարգացումները։ Այնպես չէ, որ ձայններս տաք տեղից է դուրս գալիս, բայց այն ինչ կատարվում է Ադրբեջանական տնտեսության հետ գնալով արհավիրք է հիշեցնում։ Օրերս Ադրբեջանական նավթի բիզնեսից դուրս գալու մասին հատարարեց նաև Royal Dutch Shell նավթային գիգանտը։ Բացի դրանից, այս տարվա ընթացքում նավթի գինը այդպես էլ չհասավ 60 դոլարի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը բյուջետային տարին փակելու է հսկայական դեֆիցիտով, ու որ էլ ավելի տխուր է մեր ոխերիմ հարևանների համար՝ ոչինչ չի հուշում այն մասին, որ տեսանելի ապագայում նավթի գինը կարող է հասնել Ադրբեջանի համար ձեռնատու գնի։
Հետևաբար, երբ բանակցությունների արդյունքում հնչեցվում են այրաստիճան բևեռային դիրքորոշումներ, երբ ադրբեջանական պետության ողջ ծանրությունը կենտրոնանում է կանգուն մնածացած միակ հիմնասյան՝ հայատյացության վրա, միամտություն կլինի կարծել, որ առջևում խաղաղություն է սպասվում։ Կարծում եմ, որ ուժեղները հիմա պարզապես ժամանական են ձգում, որպեսզի կապիտալները դուրս բերեն ռիսկային գոտուց, ինչպես նաև վերադասավորում են իրենց միջոցներն ու ռեսուրսները՝ նախապատրաստվելով նոր զարգացումներին։

 


Հ․Գ․ Առանձին ասեմ Լավրովի կողմից երեկ արված հայտարարության, որում նա մասնավորապես նշել էր, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խնդրի լուծմանը։ Իրականում, սա կարելի է ու կարծում եմ, որ պետք է հասկանալ հետևյալ կերպ․ բանակցությունները հասել են մի կետի, երբ արդեն անորոշություն չի կարող լինել՝ կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն։ Լավրովը հույս ունի, կամ էլ ցույց է տալիս, որ հույս ունի, որ լինելու է երկրորդը, բայց դե Հ․Գ․-ից առաջ շարադրված բոլոր դրույթները միանգամայն այլ բանի մասին են հուշում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան