1920 թվականի հոկտեմբերի 30-ին Հայոց միջնադարյան մայրաքաղաք Կարսը առանց ոչ մի դիմադրության գրավվեց քեմալական Թուրքիայի զորամիավորումների կողմից: Այս մասին շատ է գրվել, և պատմության այդ դաժան դասը մենք պետք է որ լավ սերտած լինեինք: Ստորև ներկայացնենք երկու հատված՝ այդ օրերին կատարվող իրադարձությունների անմիջական ականատեսների հուշերից:

 

Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյան. «Մի կողմից' ծայր աստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից' հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:

 

Հայաստանի Հանրապետության հանրային խնամատարության և աշխատանքի նախարար Արտաշես Բաբալյան. «Մեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր: Զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք մի՞թե նվիրված էին մեր անկախությանը: Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, բայց անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ: Անկարան գործում էր Մոսկվայի համաձայնությամբ: Բոլշևիկյան զորքը, օգտվելով մեր պարտությունից, կարողացավ ներս խուժել մեր երկիրը և վերջնականապես քանդել մեր այնքան դժվարությամբ կառուցած Անկախության շենքը»:

Ռուբեն Շուխյան