Հայաստանում այսպիսի մտածողության ու չտեսության այս մասշտաբների պարագայում տուրիզմը երբեք էլ չի զարգանա։ Էս կիրակի գնացել էի Ջերմուկ։ Առաջին անգամ։ Ու ասել, որ սուր կոգնիտիվ դիսոնանս ունեցա, կնշանակի ոչինչ չասել։
Հարց չկա, նենց չի, որ սիրուն բնություն չի, բայց նենց էլ չի, որ եսիմ ինչ մի բացառիկ սիրունության տեղ է։ Ո՛չ Հայաստանի մասշտաբով, ո՛չ էլ, առավել ևս, աշխարհի մասշտաբով։ Տեղ ա էլի։ Բայց գնե՜րը․․․ մաման ծաղկաման, գնե՜րը։ Մոնտե Կառլոն ղալլաթ ա արել, Վենեցիան էլ՝ վրադիր։
Ընդ որում, որ ասեմ գնին համարժեք որակ կա՝ մի այլ կարգի չափազանցություն կլինի։ Ենթադրենք Հայաթը վատ հյուրանոց չի, բայց ախպոր պես էլի, չի կարող Ջերմուկի նույնիսկ ամենաթույն զրթիկներով հյուրանոցը ավելի թանկ լինի, քան միջերկրականի ափին գտնվող all-inclusive 4-5 աստղանի հյուրանոցը։
Թանկ են ռեստորանները, թանկ են խանութները, թանկ են ծառայությունները։ Էն գեյզերների մոտ տուռեր տանող ջիպերին անգամ վախեցա գին հարցնել, այ էդ կարգի ամեն ինչ թանկ է։ Ասենք կարկառուն օրինակ․ էդ լճի մեջ լաստատիպ լողացող սրճարան կա, որտեղ 40 րոպե լճով լողալու համար գանձում են մարդա 1000 դրամ, բայց բնականաբար հետ են գալիս արդեն 30 րոպեից․․․
Լավ, հերիք բողոքենք Ջերմուկից, առավել ևս, որ Ջերմուկն ինչպես իր գեղեցկությամբ բացառիկ չէր, այնես էլ իր խնդիրներով։ Սա մեր ամբողջ ոլորտի խնդիրն է ու տարբեր չափաբաժիններով առկա է Ջերմուկում էլ, Երևանում էլ, Դիլիջանում էլ, Սևանում էլ․․․ մի խոսքով՝ ամենուր։
Բայց քանի դեռ մեզ մոտ տուրիզմի ոլորտում տիրում է այսպիսի խորը նախնադար, որտեղ ամենքը իրա կարճ խելքով ուզում է միանգամից ու հնարավորինս շատ փող քերի զբոսաշրջիկի վրայից ու զբոսաշրջիկին դիտարկում է, որպես լոխի, ում անպայմանորեն պետք է քցել ու կթել, ոչ մի լավ առաջընթաց էլ չենք ունենալու։ Ուզում եք Հայաստանի ամենաթույն լոգո սարքեք, իսկ ամեն եկող տուրիստի ճակատն էլ Ազնավուրն ու Թնակյանը պաչեն։
Հ․Գ․ Ինչի՞ մասին է խոսքը, եթե մինչև հիմա օդանավակայանի էն խայտառակ տաքսիստներին չեն կարողանում ռադ անել տարածքից։
Կոնստանտին Տեր-Նակալյան