20-րդ դարասկզբի առաջին տասնամյակում քաղաքամայր Անիում ընթանում էին լայնածավալ գիտական պեղումներ, գնալով ավելանում էին պատմական արժեք ներկայացնող գտածոների քանակը, և շուտով այդ ամենի պահպանման համար անհրաժեշտություն առաջացավ ունենալ առանձին թանգարանի շենք հենց Անիի տարածքում: Պեղումների ղեկավար, անվանի հնագետ Նիկողայոս Մառի պատվերով Անիի թանգարանի շենքի էսքիզային տարբերակը 1918 թվականին հեղինակեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որն էլ տեսնում եք ներկայացվող պատկերում: Ի դեպ, էսքիզում ակնհայտ են Անիի Մայր տաճարի հետ ընդհանուր նմանությունները, սակայն այդ նախագիծը այդպես էլ չիրականացավ: Հայտնի է նաև, որ Անիում թանգարան կառուցելու գաղափարը նորից է արծարծվել արդեն 1920 թվականի սկզբին, երբ Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության կողմից առաջարկվել է Թամանյանին մշակել Անիի թանգարանի նախագծային նոր տարբերակը:
Նշենք, որ տարածված միտում կա ներկայացնել աշխատելու համար Թամանյանի առաջին անգամ Երևան ժամանելը 1923-ին՝ խորհրդային կարգերի օրոք: Սակայն իրականում դա բնավ էլ այդպես չի եղել: Թամանյանը ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, այլև ազգային գաղափարին լիովին նվիրված անձնավորություն, և նա Երևան տեղափոխվեց դեռևս 1919-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական հրավերով և նշանակվեց նորանկախ երկրի գլխավոր ճարտարապետ: Արդեն 1920-ին Թամանյանը կառավարությանն էր ներկայացրել անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանի վերակառուցման առաջին նախագիծը:
Սակայն 1920-ի դեկտեմբերին, Սովետական Ռուսաստանի կողմից Հայաստանի ռազմակալումից հետո, խուսափելով բոլշևիկյան ահագնացող տեռորից, Թամանյանը ստիպված արտագաղթում է Պարսկաստան և ընտանիքով հաստատվում Թավրիզում: 1923-ին նոր միայն, երբ Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհը Թամանյանին և նրա ընտանիքին անվտանգության հատուկ երաշխիքներ է տալիս՝ Թամանյանը կրկին վերադառնում է Երևան:
Ռուբեն Շուխյան