Ես հասկացա, թե ինչո՞ւ է Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը, իր նախաձեռնության անունը դրել Ազգային Միացյալ նախաձեռնություն: Պատճառն, անշուշտ այն չէ, որ այս Նախաձեռնությունը ամբողջ ազգից է գալիս, օրինակ Գավառի բնակիչները, Գլենդեյլի բնակիչները, Մարսելի ու Սարատովի բնակիչները, ինչպես նաեւ Արցախի հայերն ու երեւանցիները, մի խոսքով բոլոր-բոլոր հայերը, որոնք, ըստ վերջերս հրապարակված ուսումնասիրությունների աշխարհում 10մլն 297 հազար 770 հոգի են, միացել են պատանի Շահենի նախաձեռնությանը, դրա համար էլ այն կոչվում է ազգային, այլ ավելի պարզ է: Բանն այն է, որ Շահենը, ինչպես փոքր տարիքում ՙԽորհրդավոր կղզի՚ վեպը կարդացած ցանկացած երիտասարդ/ավելի շատ պատանի/, ունի երազանք՝ ստեղծելու ինչ-որ համաշխարհային, համազգային, անգամ վերազգային բան: Նման երազանք ունեին նաեւ միջինի դարերում դեպի ամերիկյան մայրցամաք շտապող եվրոպացիները, որոնց բոլորի երազանքները արդյունքում հավաքագրվեց եւ ստեղծվեց այսպես կոչված ամերիկյան երազանքը: Ահա եւ գաղտնիքը:

 

Երբ Ազգային Միացյալ նախաձեռնությունը դարձնում ենք հապավում, ինչը հաստատ անելու ենք՝ հոդվածներում առնվազն, ապա ստացվում է՝ ԱՄՆ ու, եթե Շահեն Հարությունյանը ընտրվի Նախաձեռնության նախագահ, ապա կստացվի, որ 17-ամյա պատանին ԱՄՆ նախագահն է: Սա մի քիչ անարդար է ԱՄՆ նախագահի համար արդեն մեկ տարի համառ եւ հետուղական պայքարող Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլիթոնի նկատմամբ, բայց դա իրենց խնդիրն է:Ինչեւէ: Ազգը հանդես է գալիս Միացյալ նախաձեռնությամբ, եւ 17-ամյա ՙնավապետ՚-ի գլխավորությամբ գնում է դեպի, ինչպես Նախաձեռնության նպատակներում է գրված կարմիր տառերով՝ ՙՄեր բոլորի երազանքների երկրի կառուցումը՚/կրկին երազանքներ/: Չէ, խնդիր չկա, երբ պատանիները, թեկուզ երիտասարդները, անգամ մեծահասակները երազում են, իրենց երազանքի հետեւից գնում են դա միայն ողջունելի է, այս առումով Շահենի քայլը ամենեւին էլ դատապարտելի չէ: Խնդիրն այլ տեղ է, ազգայինի մեջ է, ազգային բառը չարաշահելու մեջ է, այն էլ երբ 17 տարեկան ես, իսկ դա մարդու կյանքի՝ սխալվելու տարիներն են: Ես չգիտեմ, թե ինչպես է վերաբերվում անազատույթան մեջ գտնվող Շանթ Հարությունյանն իր պատանի որդու այս նախաձեռնությանը, բայց կարծում եմ պետք է ինչ-որ կերպ վերաբերվի, ավելի ճիշտ պետք է ինչ-որ կերպ վատ վերաբերվի:

 

Հրապարակային քննադատել որդուն, անշուշտ չարժի, անգամ ոչ հրապարակային քննադատել չարժի, բայց կարելի է նրան գրքեր տալ՝ կարդալու: Օրինակ, երբ Շահենը 7-8 տարեկան էր, իսկ դա, ուշադրություն, 9-10 տարի առաջ էր, եւ նրա հայրը՝ Շանթ Հարությունյանը նրան Մուկ էր անվանում, ամեն ինչ անում էր, որ տղան շատ գիրք կարդա, այս շրջանակներում էլ նրան է տվել ՙԽորհրդավոր կղզի՚ վեպը եւ խնդրել, որ կարդա, կարդա, ոչ միայն այդ գիրքը, շատ: Կարդալու մեջ, առհասարակ կարեւորը գիրքը չէ, կարեւորը շատն է, մանավանդ, երբ չգիտես, թե ո՞ր երկու, երեք, չորս,… գիրքը կարդաս, որ ամեն ինչ հասկանաս ու իմանաս:

 

Այնպես որ Հարությունյան ընտանիքում սիրում են գիրք կարդալ, կարեւորում են դա, ուրեմն հայր Հարությունյանը պետք է մի նամակ գրի՝ իր որդուն, իսկ ավելի լավ կլինի, որ ոչ թե նամակ գրի, այլ տուն վերադառնա եւ բանավոր հանձնարարի, խնդրի որդուն, որ Շահենը շարունակի գիրք կարդալը, մանավանդ, երբ դեռ ընդամենը 17 տարեկան է, ավելի ուշ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ ու ստեղծել մեր բոլորի երազանքների երկիրը, բայց ավելի ուշ էլ գիրք չի կարդա, իսկ, եթե գիրք չկարդա ԱՄՆ նախագահ էլ չի դառնա, մեր բոլորի երազանքների երկիրն էլ չի կառուցի: Նրա գիրք կարդալու ժամանակն է, վստահ եմ, որ կարդում է, վստահ չեմ, որ շատ: Եթե շատ կարդար, կիմանար, որ ազգի անունից բոլորն էլ խոսել, ավելի ճիշտ, ով խոսել է՝ ազգի անունից է խոսել, դրա համար էլ մենք այսօր չենք ապրում մեր բոլորի երազած երկրում:

 

Հովիկ Աֆյան