Այսօր հայ մեծ դերասան ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Ֆրունզիկը թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:


Լինելով մեծ արտիստի տաղանդի երկրպագու և հավերժ խոնարհվելով անգնահատելի բնատուր շնորհքի առջև, փորձեմ մի քանի մտորում ներկայացնել արտիստի կյանքի ոչ հայտնի էջերից:
Բանաստեղծուհի, մանկավարժ, ծնունդով գյումրեցի, բայց երևանաբնակ Լարիսա Մինասյանի հուշերը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին թարմ են մինչ այսօր: Պատահական, բայց ճակատագրական առաջին հանդիպումը դեռ հիշողության էջերում է՝ Ֆրունզի չխոսկան, լռակյաց ու արտասովոր լրջության պատկերներով: «1974 թվականի ամռանը, անձրևոտ մի օր, Մարտունիի հանգստյան տանը հանգստանում էր նաև Մհերը՝ Դոնարայի ու երեխաների՝ Նունեի ու Վահագնի հետ. Դոնարայի առողջական վիճական արդեն վատացել էր: Նա տխուր նստում էր շեմին՝ գլուխը աթոռին հենում, ու ամեն անցուդարձիս ասում՝ «մեռնիմ գյումրեցի խանում փեշերիդ: Փեշերդ էլ են քեզի պես խանում»,- հիշում է բանաստեղծուհին:


Լ.Մինասյանը հիշում է, որ օրը երեք անգամ, ամեն ճաշարան գնալուց լսել է նույն արտահայտությունը ու ամեն անգամ անհարմար զգացել. «Ասում էի՝ գոնե ուրիշ ճանապարհ լիներ, այդպես չանցնեի»,- գյումրեցի կնոջը բնորոշ ամոթխածության ու համեստության՝ տարիներ առաջ ապրած զգացողությունները վերհիշում է տիկին Լարիսան:


Լարիսա Մինասյանը գյումրեցի Չախոյենց Կարապետ աղայի աղջիկն է՝ «սիրուն Լարիսան» (այդպես էին նրան ճանաչում): Գյումրիում նա շատերի սրտերն է գերել: Ֆրունզիկ Մկրտչյանը ևս անտարբեր չէր: Սիրուն Լարիսան արդեն ամուսնացած էր:


Մարտունիից Երևան վերադառնալու հաջորդ առավոտ անսպասելի հեռախոսազանգը, ու հատկապես լսափողից հնչած Խորեն Աբրահամյանի ձայնը տիկնոջն անակնկալի են բերել. «Տիկին Լարիսա, ընկերս ՝ Ֆրունզը, սիրահարվել է ձեզ, ուզում է խոսել, խնդրում եմ, լսափողը չդնեք»,- ասել է Հովհաննիսյանն ու լսափողը փոխանցել Ֆրունզին, իսկ Ֆրունզը, առանց բարևի ու ողջույնի որևէ խոսքի, միանգամից սկսել է արտասանել Սիրանո դը Բերժերակ, ուղիղ 40 րոպե: Մեկ էլ Ֆրունզը՝ գոռգոռալով, Մարքսի փողոցի փոքրիկ հեռախոսախցի մոտ հավաքվածներին ասում է՝ «շունչս կտրվեց, ճամփա տվեք, դուռը բանամ, դուրս գամ»:


«Զրուցակիցները» հետո ոչ մի բառ չեն փոխանակում, վերջում Լարիսան ասում է՝ «Խնդրում եմ, մեր տուն էլ չզանգեք: Ձեր հանդեպ մեր ընտանիքի սերը մեծ է ու չեմ ուզում՝ այն փչանա, իսկ եթե զանգեք՝ սիրուն բան չի ստացվի»:


Ամուսնացած կնոջ համար սիրո այս ինքնատիպ խոստովանությունը որքան անսպասելի էր, նույնքան անհանգստացնող ու սպառնալիք՝ արդեն կազմավորված ընտանիքի համար: Բարեբախտաբար Մկրտչյանի առաջին հեռախոսազանգը դառնում է վերջինը:

 

 

Արմեն Հովասափյան