Իրանում Իսլամական հեղափոխության առաջնորդ Խոմեյնիի որոշմամբ արդեն ավելի քան 35 տարի ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը նշում են որպես Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օր կամ Ղոդսի համաշխարհային օր: Ժամանակի ընթացքում ԻԻՀ ջանքերով այն ստացավ որոշակի համաիսլամական նշանակություն, և այսօր արդեն նշվում է ոչ միայն Իրանում, այլ' իսլամական մի շարք այլ երկրներում, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, կազմակերպում քայլերթեր և ցույցեր' ձեռքերին պահած «Մահ Իսրայելին» կարգախոսով ցուցանակներ: Պաղեստինցիների պաշտպանության օրը Իրանի բազմաթիվ քաղաքներում այրում են Իսրայելի դրոշը:

 

Ադրբեջանական Հանրապետության համար Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրն արտաքին քաղաքական և ներքաղաքական իմաստով խնդրահարույց է. մի կողմից, եթե այդ օրը սեփական ժողովրդի հավատացյալ հատվածին թույլ տա դուրս գալ փողոց, ինչպես Իրանում և այլ տեղերում է լինում, կնեղացնի Իսրայելին, որի հետ բարձր մակարդակի հարաբերություններ է կառուցել, բացի այդ երկրի հարավում թալիշական նույնիսկ մի քանի հազարանոց ցանկացած ցույց' լինի դա Պաղեստինի ժողովրդի պաշտպանության համար, թե ապրանքների թանկացման պատճառով, Բաքվի վարչակարգի համար պարունակում է լուրջ վտանգ: Մյուս կողմից, եթե արգելում է այդ օրը երկրի հավատացյալ հատվածի փողոց դուրս գալը, հայտնվում է իրանական ուժեղ ճնշման տակ, միաժամանակ առերեսվում ներքին դժգոհությունների սրացման հետ:

 

Այս տարի ևս Ադրբեջանը նախապատվությունը տվեց Իսրայելին' երկրում երեկ արգելելով ցանկացած ցույց' կապված Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրվա հետ: Սա այս տարի Բաքվի վարչակարգին ավելի հեշտ տրվեց, քանի որ նախօրոք ձերբակալվել էին մի շարք թալիշ հոգևոր առաջնորդներ:

 

Մյուս կողմից Իրանին չնեղացնելու համար կազմակերպեցին կլոր սեղան Ադրբեջանում իսլամական պետությունների դեսպանների և Ադրբեջանի ու Կովկասի շիա հոգևոր առաջնորդների մասնակցությամբ, որտեղ բոլորը խոսեցին և քննադատեցին Իսրայելին, բացի Ադրբեջանի ներկայացուցիչներից, որոնք, բնականաբար, խոսել են միայն Ղարաբաղից:

 

Ադրբեջանի գտած «լուծումը» ենթադրաբար չի բավարարել Իրանին, ուստի ԻԻՀ ղեկավարությունը որոշել է մի քանի խոշոր երթ կազմակերպել Ադրբեջանի հետ ԻԻՀ սահմանի հյուսիսային ամենամոտ թալիշաբնակ կետերում' Ասլանդուզ քաղաքում և Բիլասուվարում' ցույց տալով սահմանի իրանական կողմի թալիշական ուժն ալիևյան վարչակարգին: Երկու բնակավայրում էլ փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, հնչեցրել հակաիսրայելական կոչեր և այրել Իսրայելի դրոշը:

 

Հանգամանքը, որ մարդիկ փողոց են դուրս եկել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում, հատուկ շեշտադրությամբ ներկայացվել է ԻԻՀ բազմաթիվ լրատվամիջոցներով:

 

Արտյոմ Տոնոյան