Նրանք երեքն են. մեր առաջին Արտաշեսը՝ Ք․ա․ 189-ին Մեծ Հայքում Արտաշեսյան հարստության հիմնադիրն է (Ք․ա․ 189-160 թթ․)։
Ք․ա․ 201-ին Արտաշեսն ու Զարեհը սելեւկյան արքա Անտիոքոս Գ-ի տրամադրած զորքերով ներխուժել են Հայաստան, տապալել Երվանդունիների իշխանությունը եւ որպես սելեւկյան սատրապներ Մեծ Հայքում եւ Ծոփքում կառավարել մինչեւ Ք․ա․ 189թ․։
Օգտվելով սելեւկյանների՝ Հռոմից կրած պարտությունից (Ք․ա․ 190 թ․, Մագնեսիա), Արտաշեսը վերականգնել է հայոց թագավորությունը, վերամիավորել Մեծ Հայքի տարածքը (բացի Ծոփքից), իրականացրել բարենորոգումների մի ընդարձակ ծրագիր, կառուցել Արտաշատ մայրաքաղաքը, հող նախապատրաստել հայկական աշխարհակալության ստեղծման համար, որը հաջողությամբ իրականացրել է թոռը՝ Տիգրան Բ Մեծը։
Արտաշես Բ-ն (Ք․ա․ 30-20) Տիգրան Մեծի թոռն է՝ Արտավազդ Բ-ի որդին։ Հոր, մոր ու երկու եղբայրների Անտոնիոսի կողմից գերեւարվելուց չորս տարի անց՝ Ք․ա․ 30-ին, Արտաշեսը պարթեւ արքա Հրահատ Դ-ի (Արտաշեսի աները) զինական օգնությամբ Պարթեւստանից ներխուժել է Մեծ Հայք, սրի քաշել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին եւ հաստատվել Հայոց գահին։ Իր տիրույթներին է միացրել Ատրպատականը եւ կրել «արքայից-արքա» տիտղոսը։
Օկտավիանոսն իր հայրենակիցների գլխին եկածն իմանալով հանդերձ՝ խուսափել է արքայից-արքա Արտաշես Բ-ի հետ բախվելուց, քանզի Հայոց արքան հզոր էր իր ռազմական ուժերով ու սկզբնական շրջանում պարթեւների հետ ունեցած ամուր դաշինքով, ինչպես նաեւ երկրի ներսում վայելում էր սեր ու հեղինակություն։
Ք․ա․ 20-ին հայոց արքունիքում դավադրություն է կազմակերպվում արքայից-արքա Արտաշես Բ-ի դեմ։ Արտաշեսյան հարստության վերջին ականավոր ներկայացուցիչը սպանվում է։ Այդ ժամանակ էլ հռոմեական լեգեոնները կրկին ներխուժում են Հայաստան․․․
Արտաշեսյան հարստության անկումից հետո՝ Արտաշես ու Տիգրան անուններն իրենց անվանն ավելացնում էին օտար դրածոները, որպեսզի ինչ-որ չափով ընդունելի ու ընկալելի լինի իրենց ներկայությունը հայոց գահին։
Մեր վերջին Արտաշեսը՝ Արտաշես Գ-ն (422(423)-428 թթ), ով հայտնի է նաեւ Արտաշիր անունով, Վռամշապուհ արքայի (388-414 թթ․) որդին է, Հայաստանում Արշակունյաց հարստության վերջին ներկայացուցիչը։ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայ նախարարները դժգոհ լինելով նրա վարքից ու կառավարումից, գնում են Տիզբոն, պարսից արքա Վռամ 5-րդ Գոռին հայտնում, թե այլեւս իրենց թագավոր պետք չէ, այլ ժամանակ առ ժամանակ թող շահն իրենց գլխին վերակացու նշանակի եւ նրա միջոցով կառավարի հայոց երկիրը։
Ավաղ, նախարարներն ականջալուր չեղան հայոց հայրապետ Սահակ Պարթեւի հորդորներին, ով փորձում էր համոզել նրանց՝ հետ կանգնել ազգակործան մտահղացումից։ Արտաշեսի գահազրկմամբ էլ կործանվեց հայոց թագավորությունը եւ 428-ից մինչեւ 885 թ․ ընկած ժամանակահատվածում հայոց երկիրն անթագավոր մաքառեց ժամանակի փորձությունների դեմ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Արտաշես Բ-ի հատած դրամը
Հայե՛ր, գիտե՞ք, որ