Ֆեյսբուքյան հանրության թիրախում այսօր Արտյոմ Հակոբյանն է, ով բոցաշունչ ստատուսով ազդարարել է, որ ոչ մի րոպե էլ չի ցանկանում մնալ այս երկրում և չի ուզում, որ իր երեխաները այստեղ մեծանան։ Զերծ կմնամ որևէ գնահատական տալուց Արտյոմին ու նրա հայտարարությանը։ Ի վերջո, ես չգիտեմ, թե ինչ պատճառներ ուներ նա՝ նման հայտարարություն անելու և ինչ հոգեվիճակում էր նա՝ այդ հայտարարությունն անելիս։ Ասեմ միայն, որ ինքս երբեք նման բան չեմ ասի։

 


Երկրից նեղանալ չի կարելի, երկիրն անպատվել չի կարելի, երկրի նկատմամաբ չարանալ չի կարելի։ Ինչո՞ւ․ որովհետև երկիրը՝ ինչպես ընտանիքը, չես ընտրում։ Եթե բարոյական ու ադեկվատ մարդ ես, սիրում ես երկիրդ ու անում ես ամենը՝ դրա բարօրության և բարեկեցության համար։ Անում ես, ինչպես դա կանեիր ընտանիքիդ համար։ Եթե փուջ ու թույլ մարդ ես, նստում ես թախտին ու մուննաթ ես անում, թե ինչու ինչ-որ բարի քեռիներ դա չեն անում։ Ընդ որում, թախտին նստած լինելու միջոցին ինքդ էլ ոչ մի լավ բան չես անում, բայց դե մուննաթ գալը կայֆ բան է։

 


Մի երկու օր առաջ Ռուսաստանում էի ու հանդիպեցի այնտեղի հայերի հետ։ Այնպիսի հետաքրիր ու կոնտրաստային կերպարներ կային։ Մի կողմից ես շատ ջերմ հիշողություններ կունենամ Ռոբերտի մասին, ով ծնվել ու մեծացել էր Ռուսաստանում, բայց ամեն գնով հայերեն էր խոսում հետս ու աչքերը հիացմունքից փայլում էր, երբ մեր Կոնսերվատորիայի Խչոն ազգագրական երգեր էր երգում։ Ինքը շատ կուզեր Հայաստան ապրեր, բայց ինքը նոր ամուսնացած էր, շուտով կունենա իր առաջնեկին, իսկ ռուսական իրավաբանական կրթությունով Հայաստանում շատ բան չես անի․ պետք է 0-ից սկսել։ Բայց ինքն անպայման ուզում է մի օր վերադառնալ ու հաստատվել հայրենիքում, իսկ մինչ այդ ցանկանում է կայանալ ու առաջնային նպատակ է դրել Ռյազան քաղաքում հայկական եկեղեցի ունենալու մեր այնտեղի համայնքի համայնքի երազանքը ի կատար ածել։ Ո՞ւմ լեզուն կֆռա այդպիսի տղային «շուռ տված» ասել։ Ոչ մի նորմալ մարդու։
Մյուս կողմից, կար մի ուրիշ հայ տղա, ով ասել օղորմածիկ Զորիկ Գալստյան, կերազեր Պուտինից հղիանալ։ Իր համար Ռուսաստանը ալֆան ու օմեգան էր։ Իր համար անընդունելի էր, որ մենք՝ հայաստանցիներս, ինչ-որ քննադատություն հնչեցնեինք Ռուսաստանի հասցեին։ Անգամ փորձեց ամոթանք տալ մեզ, թե ինչ անշնորհակալ ենք մենք ու չենք մտածում իրենց մասին, որ հեսա մենք կգնանք, իսկ ռուսները իրենց քթից կբերեն, թեև հենց ռսները միաբերան համաձայն էին բոլոր այն քննադատությունների հետ, որոնք հնչում էին ու թեև միայն իսկ այդպիսի մտավախություն ունենալն արդեն իսկ խոսում է Ռուսաստանի՝ ալֆա ու օմեգա չլինելու մասին։ Հիմա էս տղեն էլ էր Ռուսաստանից ու էս տղեն էլ էր հայ, բայց մի անգամ չլսեցի գոնե հիպոթետիկ ցանկություն՝ Հայաստան գալու մասով։

 


Հիմա ասածս ի՞նչ է։ Թե որ երկրում բնակվել, որ երկիրը լքել ու դեպի ուր արտագաղթել, դա յուրաքանչյուր անհատի որոշելիքն է։ Դրա համար մարդուն ոչ դատապարտել է պետք, ոչ էլ պախարակել։ Կյանք է, ամեն բան էլ հնարավոր է։ Բայց եթե դու ինքդ ես ընտրել Հայաստանից հեռանալու ճանապարհը, դու պետք է հասկանաս, որ հրաժարվել ես նաև երկրիդ հետագա ճակատագրին քո մասնակցությունն ունենալուց։ Ու այս առումով ճիշտ է ասում Babken Tunyanը, երբ ասում է, որ արդար չի ուրիշի կառուցած նորմալ երկրում սպասել, թե երբ ուրիշը քո երկիրը կնորմալացնի, որ դու էլ գաս ու վայելես։ Մյուս կողմից, հաշվի առ, որ դու դրսում սերունդ ես թողնելու և եթե դու իրոք օբյեկտիվ պատճառներ ես ունեցել երկիրը լքելու և արել ես դա կոռռեկտ ու մրդավայել ձևով, ապա պետք է անես ամենը, որպեսզի դրսում ծնված ու մեծացած քո սերունդը լինի Ռոբերտի պես, այլ ոչ թե երազի Պուտինից հղիանալու մասին ու քննադատի իր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր չեն կիսում իր արատավոր ու ստրկամիտ աշխարհայացքը։ Ու սա վերաբերում է բոլոր հայերին, քանզի «շուռ տված» դառնալու համար անպայման չէ Հայաստանից դուրս ապրել, ինչպես անպայման չէ, որ հայը «շուռ տված» լինի, եթե այս կամ այն պատճառով նա օտարությունում է ապրում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան