Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով արդեն կա 36 զոհ և 147 վիրավոր:
Այդ ահաբեկչությունն իրականացնողների հարցում փարձագիտական շրջանակների կարծիքները կիսվել են: Նրանց առավել զգալի հատվածը կարծում է, որ այդ բռնարարքի ետևում «Իսլամական պետությունն» է կանգնած, մի որոշ հատված կարծում է, որ այն իրականացրել են քրդերը, մասնավորապես «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) հարող (կամ նախկինում PKK-ի մաս կազմած) քրդական կառույցներից մեկը, մի փոքր հատվածն էլ այլ ուժերի է տեսնում վերոհիշյալ բռնարարքի հետևում:
Ինչևէ, դեռևս ոչ մի կառույց պատասխանատվություն չի ստանձնել այդ բռնարարքի համար: ԶԼՄ-ներում հանդիպում են տեղեկություններ, որ PKK-ն դատապարտել է այդ ահաբեկչությունը, իսկ որոշ տեղեկություններ փաստում են, որ այդ բռնարարքի կազմակերպման հետքը տանում է դեպի «Իսլամական պետություն»:
Թե ո՞ր ուժերն են կանգնած այս ահաբեկչության հետևում հավանաբար կիմանանք, երբ լինեն պատասխանատվության ստանձնման վերաբերյալ հայտարարություններ: Դեռևս նման հայտարարություններ չկան, ուստի բավարարվենք ենթադրություններով:

 


Հարկ է նշել, որ հիշյալ ահաբեկչության իրականացման ոճը շատ նման է իսլամական ծայրահեղ արմատականների ահաբեկչական հարձակումների ոճին: Օրինակ արևմտյան որոշ երկրներում «Իսլամական պետության» զինյալների հարձակումներում նկատելի է եղել նույն ձեռագիրը՝ մի քանի մահապարտ ահաբեկիչների կողմից պայթուցիկների գործադրում, դրան զուգահեռ ինքնաձիգերի օգտագործում և այլն: Նման բնույթի ահաբեկչական հարձակումներ իրականացրել են այլ իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ ևս: Ինչ վերաբերում է քրդերին, ապա վերջին շրջանում քրդական որոշ կառույցների կողմից մահապարտների օգագործմամբ ահաբեկչություններ ևս գրանցվել են Թուրքիայում:

 


Սակայն մի կարևոր իրողություն պետք է արձանագրենք: Ահաբեկչությունները Թուրքիայում հաճախակի բնույթ ստացան, երբ թուրքական իշխանություններն ակտիվ ռազմգործողությունների անցան PKK-ի դեմ և ակտիվորեն սկսեցին միջապտել Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Չմոռանանք նաև, որ Ստամբուլի օդանավակայանում երեկ իրականացված ահաբեկչական բռնարարքին նախորդեցին Թուրքիայի կողմից Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերից և դրանց վերաբերյալ Անկարայից հնչած հայտարարություններից հետո:
Թուրքական իշխանություններին այս պահին տեղին է հարցնել ՝ թե ինչու՞ տեղի ունեցավ ահաբեկչությունը, քան փնտրել այն ուժերին, որոնք իրականացրել են այն:Սա մտորելու տեղիք պետք է տա թուրքական հասարակական-քաղաքական շրջանակների համար Թուրքիայում ստեղծված ներկայիս իրողության իրական պատճառները ճիշտ հասկանալու համար:

 

Սարգիս Գրիգորյան