Սա Հռոմի սրբազան քահայանապետի սովորական այց չէր, սա միայն սովորական հարգանքի տուրք չէր պետությանը կամ ժողովրդին: Սա ուխտագնացություն էր առաջին քրիստոնյա երկիր…
Սա նաև ուխտագնացություն էր հինավուրց, բիբլիական երկիր, առնչություն սրբավայրերին, Աստվածային մասունքներին, բիբլիական Սուրբ լեռանը՝ Արարատին և հայ ժողովրդին: Եվ ամբողջ աշխարհն իմացավ Հայաստանի տեղը, նոր ծանոթացավ կամ վերհիշեց մեր երկրի անցյալն ու մեր ազգի քրիստոնեական տառապանքների ողջ պատմությունը: Համայն երկիրը՝ միլիարդավոր քրիստոնյաներ իմացան Պապի ուխտագնացության մասին ու շատերն՝ իրենք էլ կգան ուխտագնացության մեր բիբլիական երկիր, ինչպես գնում են Սուրբ Երուսաղեմ…

 


Նրանք՝ այն անձինք, եկեղեցին և այն պաշտոնական մարմինները, որոնք առնչվել կամ կազմակերպել էին այս հրաշափառ և սուրբ այց-ուխտագնացությունը, հնարավորություն էին տվել մի ողջ ժողովրդի սրբագործվելու, իրենց քրիստոնեական արժեքները վերաարժևորելու, թեկուզ մի փոքր իսկ հոգին մաքրելու և ազնվանալու՝ շատ լուրջ, կարևոր, Աստվածահաճո և հայրենանվեր գործ են կատարել: Եվ մենք բոլորս, ողջ ժաղովուրդը՝ պետական, քաղաքական այրերը, յուրաքանչյուրս պետք է նման այցերից հետո գոնե հետևություններ անենք և վերափոխվենք, վերագնահատենք, վերաիմաստավորենք մեր գործունեությունն ու փորձենք այսուհետ ապրել քրիստոնեաբար…

 


Միայն եկեղեցի մտնելը, մոմ վառելը, առանց կնունքի խորհուրդը հասկանալու կնքվելը, խաչ կրելը չէ քրիստոնեությունը…Պետք է ապրենք սիրով առլեցուն Աստծո, մեր մերձավորների, բարեկամների, բոլորի նկատմամաբ, հույսով, հավատով, նվիրումով, ազնվությամբ, արդարությամբ ու մարդասիրությամբ: Մեր մեջից հանելով նախանձը, այն չարն ու անասնական անբավարարվածությունն ու ագահությունը, որ տանում է հոգու կործանման, անարդարությունների և նույնիսկ հանցանքների:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր եզակի մարդ տեսակով գուցե սրբագործի ու օրինակ դառնա մեզանից շատերիս համար…Գոնե Սուրբ քահայանապետի ուխտագնացությունից հետո փորձենք հաճախակի խոսել մեր խղճի հետ, անպայման մտովի առանձնանաք և խոսենք ու հիշենք Աստծո ներկայությունը մեզանում՝ միշտ և ամենուրեք…Միշտ հիշենք Պապի խոսքերը. <>:
Թող հովվապետների Խոր Վիրապից դեպի Արարատ արձակած աղավնիները խաղաղություն բերեն Հայրենիքիս և համայն Աշխարհին…

 

Ռոբերտ Մելքոնյան