Հայաստանյան ներքաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Քաղաքական ուժերն արդեն իսկ պատրաստվում են 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, քանի որ ընտրությունների մեկնարկին կարճ ժամանակ է մնացել: Ընտրություններին իրենց մասնակցության համար հող նախապատրաստելու տեսանկյունից ակտիվ աշխատանք են սկսել ինչպես այն ուժերը, որոնք քաղաքական գործունեության երկար ճանապարհ են անցել, այնպես էլ նորաստեղծ կուսակցությունները, ինչպես օրինակ' «Լուսավոր հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը»:
Թեև ենթադրվում է, թե նոր ստեղծված քաղաքական ուժերը, հաշվի առնելով որ իրենք դեռևս ձևավորման գործընթացում են գտնվում, պետք է ունենան համեստ քաղաքական ամբիցիաներ, սակայն տեղի ունեցող զարգացումները հակառակի մասին են փաստում:
Հասկանալի է, որ նորաստեղծ կուսակցությունները և հատկապես «Համախմբումը» հայտարարում են, թե իրենք գնում են իշխանափոխության և «աննախադեպ» թվով քվեներ են ստանալու ընտրությունների ժամանակ' նպատակ ունենալով քաղաքացիներին ցույց տալ, որ տրամադրված են վճռական և անզիջում պայքարի մեջ են մտնելու: Սակայն եթե մի կողմ թողնենք ժողովրդահաճո հայտարարությունները, ապա ռեալ իրականության մեջ նկատելի է, որ քվեներ ստանալու խնդիրը դժվար է լինելու ոչ միայն նորահայտ, այլև նույնիսկ արդեն երկար ժամանակ գործող շատ քաղաքական ուժերի համար ու դեռ հարցական է, թե այդ կուսակցությունները կկարողանան իրենց տեղն ապահովել գալիք խորհրդարանում:
Այնպես որ՝ գալիք ընտրապայքարը հեշտ չի լինելու հատկապես ընդդիմադիր դաշտում գործող բազմաթիվ փոքր ու միջին քաղաքական ուժերի գոյության և դաշտում դոմինանտ ուժի բացակայության պարագայում, որը կբերի, այսպես ասած, տարբեր կուսակցությունների միջև ձայների «փոշիացման»:
Նարեկ Պողոսյան