Մոտենում է օգոստոսը, որը եզդիների համար կմնա որպես արյունոտ ամիս:
Որքան էլ մեզ հույս տանք, որքան էլ ամեն մեկը իր հերթին լավատեսորեն մոտենա, թե իբր ցեղասպանությունից մինչ օրս մեծ աշխատանքներ են իրականացվել և վիճակը ահագին մեղմացել է, բայց եկեք մեզ չխաբենք և ընդունենք, որ շանգալաբնակ եզդիների և առհասարակ Շանգալի վիճակը ավելի վատ է այսօր, քան երբևէ պատկերացնում էինք: Ուր է այսօր Շանգալի բազմահազարանոց բնակչությունը, ուր է առաջվա կանգուն Շանգալը:

 


Աշխատանքներ, այ'ո, իրականացվում են, և շատ եզդի երիտասարդներ կան, ովքեր իսկապես իրենց աշխատանքներով անշահախնդիր աշխատեցին և աշխատում են, որպեսզի մի ինչ-որ օգտակար բան անեն Շանգալի խնդրի լուծման համար, բայց...
Զգում ես, որ մեզ հետ կապված խնդիրները կամ լուծում չեն ստանում կամ էլ լուծվում են, բայց դժվարությամբ ու եկեք խոստովանենք, որ եզդիներս դրանում մեր մեղքի բաժինն ունենք: Մենք մի կողմից պայքարում ենք այդ երևացող խնդիրների դեմ, մի կողմից ներքին կարգով ներսից պայքարում անողնաշարավորների դեմ, որոնց հետ իսկապես շատ բարդ է, քան ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ. գոնե գիտես, որ տեռորիստական այդ խմբավորման դեմ դուրս գալով կամ պետք է հաղթես կամ պարտվես, իսկ սրանց դեպքում խախտվում է քո ներվային համակարգը: Խոսքը իհարկե ծախված, քրդական ստահոդ դուդուկի տակ պարող չըեզդիների մասին է, որոնք ուշքի և խելքի չեկան նույնիսկ ցեղասպանությունից հետո:
Եթե այս ներսի խնդիրները գոնե չլինեին, շատ ավելի լուրջ ձեռքբերումներ կունենաինք այսօր: Իսկապես ցավալի է, ցավալի է կողքից այս նողկանքը տեսնել: Շանգալում այսքան անմեղ եզդիներ ցեղասպանության զոհը դարձան, Շանգալում մի շարք սրբավայրեր պայթեցվեցին, մի քանի հազար աղջիկներ գերևարվեցին, սրանք են մեր այսօրվա լուրջ պռոբլեմները, մենք ուրիշ խնդիր չպետք է այսօր ունենանք: Այլ խնդիրներ ցեղասպանությունից առաջ էլ կաին, եղել էին, բայց պետք է վերանաին, հօդս ցնդեին, քանի որ թիվ մեկ խնդիր է մեզ համար առաջ եկել 2014 թվականից:

 


Միշտ լավատեսորեն եմ մոտեցել եզդիների հետ կապված խնդիրներին, բայց այսօր արդեն իսկապես չեմ պատկերացնում' ինչ է սպասվում մեզ և ինչ լուծում կտրվի Շանգալի հարցին: Մի բան է ինձ համար պարզ. եզդին երբեք չի վերանա աշխարհի երեսից, քանի դեռ շունչ կա. այդ մասին մեր աղոթքներում է հիշատակված, և նաև մի բան էլ է պարզ, որ իմ ազգը նորից ու նորից ցեղասպանության համը կճաշակի, կարծես դա մեզ է բաժին հասել:
Մի փոքր թեմայից շեղվենք
Սիրելի' ընկերներ, մի հարցով եմ ուզում դիմել Ձեզ: Ես ուսումնասիրել եմ և չեմ տեսել նման բան, դրա համար հարցս ուղղում եմ Ձեզ, մի գուցե Դուք հանդիպել եք նման իրողության:

 


Հարցս.
Տեսնես եղել է պատմության մեջ մեզ հայտնի մի դեպք, երբ աշխարհում ինչ որ մի ազգի հանդեպ ցեղասպանություն է պլանավորվել, բայց գերտերությունները կամ մարդասիրական միջազգային կառույցները ճիշտ ժամանակին միջամտել են և կանգնեցրել գազանին:
Կամ
Հնարավոր է, որ ինչ-որ մի ազգի դեմ ցեղասպանություն պլանավորել մեկ օրում, իսկ հաջորդ օրը այն իրագործել, այնպես, որ աշխարհը անտեղյակ լինի:
Օրինակ

Որքանով է խելքին մոտ, որ միջազգային հանրության համար Շանգալի եզդիների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեաների ցեղասպանությունը անսպասելի էր շատ, և նրանք հանկարծակիի եկան, երբ դա լսեցին: Ես հասկանում եմ, որ իմ այս հարցը շատ խնդալու էր, բայց ամեն դեպքում որոշեցի տալ:
Հ.գ. Աշխարհում կան միջազգային կառույցներ, մարդկային իրավունքները չգնահատող, բանի տեղ չդնող չկառույցներ և գերտերություններ, ովքեր պլանավորել են, որ պետք է այս ինչ ժամանակում լինի էս ինչ բանը, ուրեմն պետքա լինի: Պետքա լինի պատերազմ, ուրեմն իրենք կսատարեն ու կհրահրեն, որ լինի այդ պատերազմը ու փոքր ազգերն էլ թող կոտորվեն: Եթե կա պատերազմ, ուրեմն կա փողի հսկայական լվացում, զենք զինամթերքի վաճառք, տարածքների գրավում, փառքի ձեռքբերում: Հանուն այս ամենի, ինչու չպատերազմել, ոչինչ թող մի քանի հազար անմեղ մարդ էլ բնաջնջվի: Ահա պատերազմ հրահրողների և պատերազմը սկսողների չգաղափարախոսությունը:


‪#‎StopYazidiGenocide‬
‪#‎StandforYazidiWomen‬

 

Ռոման Սուրեն Ավդոյան