Ֆրանսիական Le Figaro պարբերականը բացահայտել է թուրքական իշխանությունների կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու հերթական փաստը:

 

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ թուրքական նավահանգիստներից դուրս են եկել 6 բեռնատար նավեր՝ տարատեսակ ապրանքների հետ միասին բեռնված լինելով նաև զենք-զինամթերքով և ուղղություն վերցրել դեպի Լիբիա. սպառազնությունները նախատեսված են Լիբիայում ԻՊ-ի ճյուղավորման համար: Եվրոպական մի շարք առաջատար հետախուզական ծառայություններ հետևում են բեռնակիրների տեղաշարժին, և նրանց խնդիրն է՝ ոչնչացնել դրանք, մինչև լիբիական ափեր հասնելը: Մինչդեռ, որոշակի բարդություններ են ծագել նավերին հետևելու հարցում, քանի որ թուրքական նավահանգստից դուրս գալուց հետո անջատվել են նրանց GPS համակարգերը:


Հրապարակման շրջանակներում նշվում է նաև, որ վերոնշյալ 6 նավերից բացի, կարող են լինել նաև այնպիսինները, որոնց հետախուզական ծառայություններին չի հաջողվել ֆիքսել:


Ըստ Le Figaro-ի աղբյուրների՝ եթե գործողության կազմակերպչի պարագայում առկա է որոշակի անհստակություն՝ թուրքական հատուկ ծառայություններն են դրա հետևում կանգնած, թե՞ այն իրականացվում է այդ երկրի բարձրագույն իշանությունների հովանավորությամբ, ապա սպառազինության վերջնական հասցեատիրոջ՝ ԻՊ-ի դեպքում որևէ կասկած չկա:


Վերոնշյալը, փաստորեն հերթական ապացույցն է այն իրողության, որ թուրքական իշխանություններն իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են տարաբնույթ ծայրահեղական կազմակերպությունների: Այս տեղեկատվութան հաստատվելու պարագայում հերթական անգամ կհաստատվի Թուրքիայի և ԻՊ-ի միջև համագործակցության իրողությունը, բայց այս անգամ արդեն Սիրիայի և Իրաքի տարածքներից դուրս:

 

Արմեն Պետրոսյան