Էսօրվա անձրևն ավելի դիտարժան ու հետաքրքիր էր, քան թե Ֆրանսիա-Ալբանիա երեկվա ֆուտբոլային հանդիպման ընթացքը: Ոնց որ մի ձանձրալի, քնաբեր կինո նայես, մեկ էլ տիտրերի հայտնվելուց կես վայրկյան առաջ կադրում հայտնվի Ալեն Դելոնը, մի կես ֆրազ ասի ու՝ պըրծ, այսինքն՝ «դ'էնդ»:
Չէ, ֆրանսիական կինո սիրում եմ, ինչպես ասվում է՝ փոքրուց: Իսկ ֆուտբոլը... Այ, Պլատինիի ժամանակ էր հետաքրքիր նայվում Ֆրանսիայի հավաքականը: Ու, դե՝ հա, իհարկե, Զիդան, Բարտեզ, Ջորկաեֆ, Տրեզեգե ու մնացածների հավաքականը:
Իսկ հիմա... Մեկնաբանը, որ խոստացավ խանգարել՝ հետևելու Ֆրանսիա-Ալբանիա հանդիպման ընթացքին և խոստումը պահեց, հա փողից էր խոսում (ու մենակ ինքը չէ): Սա էսքան արժի, նա էնքան արժի... Հասկացանք, որ ֆուտբոլը հիմա ավելի շատ փող է, քան թե՝ սպորտ, բայց դե ամեն անգամ էդ միլիոնները մեր ականջները մի մտցրեք, էլի: Նադայել էղանք:
Իսկ ֆուտբոլը... Իմ մանկության թիմում մի Արմեն ունեինք, որ Զապ էինք ասում (երևի հասկացաք, թե՝ ինչու), ա՜յ, նա՛ էր ֆուտբոլ խաղում՝ հավեսով, բարձր տրամադրությամբ, հաճույք ստանալով, ձեռի հետ էլ կարող էր թիմի բոլոր խաղացողներին Գարինչայի նման իրար ետևից մի երկու «կռուգ» խաբսեր տալով անցներ, եթե «պադնոժկա» կամ «ըշտռաֆ» չանեին:
Չգիտեմ, երևի արդեն ծերացել եմ էս ֆուտբոլի համար, նայելու մարզավիճակս էլ եմ կորցրել: Հաստա՛տ: Կամ փնթփնթում եմ, կամ հուշերի գիրկն ընկնում: Ծերանալու ակնհայտ ախտանշաններ են: Մնում է հուսալ, որ «գնացքս» զառամախտի կայարանում կանգառ չի ունենա:
Լավ եղեք:
Արմեն Հակոբյան