Ասում են՝ Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններ վերահսկող մի շարք հակակառավարական, այդ թվում նաև՝ ծայրահեղական կազմակերպություններ, պայմանավորված սեզոնային առանձնահատկություններով և նախկինում հաստատված առևտրային հարաբերությունների շրջանակում (ածխաջրածինների, պատմամշակութային արժեքների, արտադրական մեխանիզմների, հաստոցների վաճառք և այլն) արդեն իսկ որոշ թուրքական կառույցների հետ սկսել են ներքին զինված հակամարտության պայմաններում հնարավոր եզակի գյուղատնտեսական ապրանքատեսակի՝ հացահատիկի առևտուրը: Մասնավորապես, Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» կազմակերպությունը երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ֆերմերներից 1 տոննա չոր հացահատիկը գնում է չնչին, ծիծաղելի 225 դոլար արժեքով և վաճառում թուրք գործընկերներին:
Իսկ բազմաչարչար սիրիացի ժողովրդի՝ նաև նման բնույթի կողոպուտն իրականացվում է այն պայմաններում, երբ, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 2016թ. տվյալների համաձայն, մերձավորարևելյան այս երկրում հացահատիկի արտադրությունը նվազել է 40%-ով՝ հասնելով վերջին 25 տարիների նվազագույն մակարդակին...
Արմեն Պետրոսյան