Տարածաշրջանի երկրներում սոցիալական ցանցերից օգտվելու պատկերը խայտաբղետ է: Մի երկրում գերադասում են ռուսական սոցիալական ցանցերը, մյուսում՝ ֆեյսբուքը: Հարևան Իրանում, օրինակ ֆեյսբուքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, այնտեղ հիմնականում օգտվում են տեղական հարթակից Blogfa-այից: Այնուամենայնիվ, մեր տարածաշրջանի երկրներում դեպի ֆեյսբուք այցելությունները բավականին բարձր են:

 


Այս անգամ փոքրիկ ուսումնասիրություն կանենք առ այն, թե ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանի՞ տոկոսն են կազմում երիտասարդները մեր տարածաշրջանի երկրներում: Որպես ուսումնասիրության թիրախ ընտրվել են 18-35 տարեկանները: Տվյալները մայիսի դրությամբ են:
Եվ այսպես, Հայաստանում նշված տարիքայինների թիվն ըստ պաշտոնական տվյալների կազմում է մոտավորապես 580 հազար, իսկ ընդհանուր առմամբ ֆեյսբուքում հայ ակտիվ օգտատերերի թիվը կազմում է 950 000: Այսինքն 18-35 տարեկաններ կազմում են ընդհանուր ակտիվ օգտատերերի մոտավորապես 61%-ը:
Թուրքիայում ընդհանուր առմամաբ կա 44 միլիոն ակտիվ օգտատեր, որոնցից 27 միլիոնն է 18-35 տարեկան, այսինքն մոտավորապես 61.3 %:

 


Հատկանշական է, որ տարածաշրջանում այս ցուցանիշով Ադրբեջանն առաջատար է, 1,7 միլիոն ակտիվ օգտատերերից 1,2 միլիոնը 18-35 տարեկաններն են: Սա ընդհանուր օգտատերերի մոտավորապես 70.6%-ն է:
Վրաստանում ամենափոքր ցուցանիշն է գրանցվում այս պահին: 1,9 միլիոն ակտիվ օգտատերերի 57.9%-ը կամ 1.1 միլիոնն է ընդամենը 18-35 տարեկանների տարիքային խմբի մեջ մտնում:
Իրանի մասին տեղեկատվություն ֆեյսբուքը չի տրամադրում: Հատկանշական է, որ մոտ մեկ տարի առաջ իրանցի օգտատերերի թարգետի մասին հարց են հղել ֆեյսբուք սոցկայքին, սակայն ոչ միայն պատասխան չեն ստացել, այլ նաև այդ հարցը ֆեյսբուքը արգելափակել է: Իրանի օգտատերերի քանակի մասին ոչ պաշտոնական տվյալներով խոսվում է մոտավերապես 45-50 միլիոնի մասին (2015 թվականի դրությամբ): Այսինքն ամենամեծ «համայնք» ունեցողներից մեկը տարածաշրջանում:
Այսինքն մենք ունենք հետևյալ դասակարգումն ըստ 18-35 տարեկանների.
1.Ադրբեջան՝ 70.6%
2.Թուրքիա՝ 61.3%
3. Հայաստան՝ 61%
4. Վրաստան՝ 57.9%
5. Իրան _
Ֆեյսբուք սոցիալական ցանցը, եթե Իրանի մասին հստակ թվային տվյալներ տրամադրեր, կարծում եմ կունենայինք բավականին հետաքրքիր պատկեր ամբողջ տարածաշրջանի մասշտաբով: Կանանց նկատմամբ դրսևորվող խտրականությունների արդյունքում կունենայինք 70%-ից ավել տղամարդկանց ներգրավվածության պատկեր: Նախ խիստ պահպանողական հասարակարգ ունեցող երկրներում կանանց համար սոցկայքերում գրանցվելն այդքան էլ մի հեշտ կամ ընդունված բան չէ: Մյուս կողմից էլ ենթադրելի է, որ կանայք կօգտագործեին կեղծ հաշիվներ արական սեռի անվան տակ: Սա ասում եմ հաշվի առնելով մուսուլմանական շատ պետությունների պատկերները, որտեղ իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը բավականին ցածր է, իսկ շատ հաճախ էլ կանայք օգտվում կեղծ հաշիվներից: Որպես օրինակ՝ Մարոկկոյում ունենք 68-%-ից ավել տղամարդկանց ներգրավվածություն, Իրաքում՝ 76%-ից ավել, Սաուդյան Արաբիայում՝ 84%-ից ավել և այլն: Ընդորում՝ սրանք պաշտոնական տվյալներն են:

 

Ռուբեն Խաչատրյան