ՀՀ պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը Զինված ուժերի անձնակազմի և զիծառայողների ընտանիքի անդամների բժշկական ապահովումն է: Նրանց առողջության պահպանմանը և ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժման ու բժշկական վերականգնմանը, բուժաշխատողների պատրաստմանն ու վերապատրաստմանը, առողջության պահպանման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանն է ուղղված ռազմաբժշկական ծառայության գործունեությունը, ինչը պետք է համապատասխանի լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման որակի չափորոշիչներին:

 

 

Այս համատեքստում կարևորվում է Երևանի, Զանգեզուրի, Գեղարքունիքի, Լոռու կայազորային հոսպիտալների ստեղծումը, որոնք պետք է իրականացնեն մասնագիտացված բժշկական օգնություն, ինչը ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների և բժշկական բարդ տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում անմիջական բժշկական հսկողություն և հատուկ խնամք պահանջող հիվանդությունների դեպքում: Հոսպիտալների ստեղծման որոշման նախագծերը կառավարության ս.թ. հունիսի 9-ի նիստի օրակարգում են:

 

 

Հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը` հիվանդին հիվանդասենյակով ապահովելը, մասնագիտացված կոնսուլտացիան, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություն անցկացնելը, վիրահատությունը, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունը, անհրաժեշտ դեղերի տրամադրումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների պարտադիր ապահովումը սննդով: Հոսպիտալների կլինիկական բազայի հիման վրա կիրականացվեն բարձրագույն և հետբուհական կրթության, կատարելագործման ծրագրեր:

 

 

Կառավարության երկու այլ որոշման նախագծերով նախատեսվում է ստեղծել ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական պոլիկլինիկա և Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն:

 

 

 

 


Տնտեսական անկյուն