Երբ խոսում ենք պետական աջակցությունից, որը Հայաստանում կրում է բացառապես ստվերային բնույթ և արտացոլում է միայն ընտրյալ վերնախավի համար' ուզում եմ հարցնել պատկան ու պատկան մարմիններին...

 


- Պարոնա՛յք Դո՛ւք տեղյա՞կ եք' թե որքա՞ն ՀՀ քաղաքացիներ հայտնվել են և դեռ հայտնվելու են ծանր կացության մեջ Ձեր իսկ կողմից մատնված անտեսության պատճառով, օրինակ' միայն մեկ վարչական շրջանում և մեկ ամսվա ընթացքում 50-ից ավելի փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներ հայտնվեցին անասելի իրավիճակի մեջ, պատկերացրե՛ք մի տեսարան երբ մարդիկ բանկերից բարձր տոկոսադրույքով վարկեր են վերցրել որպեսզի զբաղվեն իրենց կողմից վարձակալած խանութներում ու կրպակներում առևտրով և հանկարծ մեկ ակնթարթում այդ բազմաթիվ խանութները ու կրպակները ապամոնտաժվում են, հողատարածքը ոմն մեկին երկարաժամկետ վարձակալության իրավունքներով հանձնելու պատճառով, որն էլ իր հերթին խոշոր բիզնեսի ակնկալիքով այդ տարածքում սարքում է իր առևտրի կենտրոնը և իր իսկ կողմից սահմանվող ավելի բարձր վարձավճարով վարձակալության հանձնելու համար, իսկ վարկերով փոքր ու միջին խանութներ ստեղծած և նույն վարկերով ապրանքներ ձեռք բերած առևտրականներ իրենց ապրանքների հետ միասին հայտնվում են առանց սպառման շուկայի, այնուհետև վարկային պատմության «Սև ցուցակում», իսկ հետո դատական ատյաններում։

 

Այստեղից պարզ ենթադրություն' առևտրականները մնացին առանց առևտրի, որով էլ պետք է մարեին բանկային պարտականությունները և օրեցօր ավելացող աստղաբաշխական տոկոսները (որպեսզի չկորցնեն իրենց կողմից բանկերում գդավադրված անշարժ ու շարժական գույքը) , այնուհետև տակի մնացած չնչին գրոշներով պիտի մի կերպ փորձեին կերակրել իրենց երեխաներին ու ընտանիքներին։ Չկա խանութ, չկա առևտուր, չկա շրջանառության, սակայն կա օրեցօր ավելացող բանկային պարտք, որը ի վերջո ԴԱՀԿ Ծառայության թեթև ձեռքով վերածվում է գույքի բռնագրավման (հիմնականում բնակարանի կորուստ)։

 


Հարգելի օրենսդիր և կառավարություն' «Հրազդան ցեմենտի» փոխարեն աջակցե՛ք այսպիսի կացության մեջ հայտնված մարդկանց, որոնք իսկապես ունեն հարկային ու վարկային պարտավորություններից որոշակի չափով ազատումների կարիք և որոնք ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կհայտնվեն անօթևան ու սնանկացած և լավագույն դեպքում կհայտնվեն երկրից արտագաղթողների համալրման ցուցակում։

 

 

Էմիլ Մարկոսյան