Արամ Խաչատրյանի գերդաստանը` 1913 թվականին... Լուսանկարում` ապագա մեծ հայ կոմպոզիտոր տասնամյա Արամ Խաչատրյանն է, ծնողների` Եղիա և Ղումաշ Խաչատրյանների, ավագ եղբայրների և նրանց կանանց հետ:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903-ի հունիսի 6-ին Թիֆլիսի Կոջորի արվարձանում: Ծնողները սերում էին Նախիջևանի պատմական Գողթան գավառից, հայրը` Վերին Ազա գյուղից էր, մայրը` Ներքին Ազայից: 19-րդ դարի 70-ական թվականների վերջին տասներեքամյա Եղիան գալիս է Թիֆլիս՝ աշխատանք գտնելու ակնկալիքով, այստեղի տպարաններում նա սովորում է կազմարարի աշխատանքին և այդպես էլ հաստատվում Թիֆլիսում։ Արամ Խաչատրյանի ծնողները նշանվել էին դեռևս միմյանց չճանաչելով, երբ Ղումաշն ընդամենը ինը տարեկան էր, իսկ Եղիան՝ տասնիննը, բայց նրանց վիճակված էր երջանիկ ամուսիններ դառնալ և համատեղ երկար կյանք ապրել։ Ամուսնանալով տակավին տասնվեցամյա Ղումաշի հետ՝ Եղիան նրան բերեց իր հետ Թիֆլիս, որտեղ էլ ծնվեցին նրանց հինգ երեխաները. ավագ դուստրը՝ Աշխենը (մահացել է մանկահասակ) և չորս որդիները՝ Վաղինակը, Սուրենը, Լևոնն ու Արամը։
«Մայրս, - հիշում էր Արամ Խաչատրյանը, - շատ գեղեցիկ կին էր՝ բարձրահասակ, վայելչակազմ։ Մինչև կյանքի վերջը նա մեր ընտանեկան օջախի հոգատար պահապանն էր և վայելում էր հորս խորը հարգանքը»։ Բավականին վաղ կուրանալով՝ Ղումաշ Խաչատրյանը կյանքի վերջին տասը տարիներին ապրեց որդու՝ Վաղինակի ընտանիքում։ Նա մահացավ 1956 թվականին Երևանում, և թաղված է ամուսնու կողքին, որի աճյունասափորը Մոսկվայից տեղափոխվել էր Երևան։
Ռուբեն Շուխյան