Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 5-ին Թեհրանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է՝ «Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարանցման և բեռնափոխադրումների ոլորտում այսօր պատշաճ պայմաններ գոյություն ունեն, որպեսզի կարողանանք Հայաստանի միջոցով Սև ծովը Պարսից ծոցին կապել, և այս ուղղությամբ պատրաստ ենք տեխնիկական և ինժեներական ծառայություններ տրամադրել Հայաստանին»:

 


Հայտարարությունն արվել է Իրանի նախագահի ելույթի այն համատեքստում, որտեղ կրկին նշվել է, որ Հայաստանն Իրանի համար մշտապես եղել է բարեկամական երկիր, և որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է զարգացնելու հարաբերությունները մեր պետության հետ գրեթե բոլոր հնարավոր ոլորտներում:

 


Հ. Ռուհանիի մեջբերված հայտարարությունը խիստ կարևոր է, քանի որ այսպիսով փաստորեն Իրանի գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակով մեկ անգամ ևս ամրագրվել է իրանական կողմի մտադրությունը նաև կոնկրետ տեխնիկական օժանդակության տրամադրմամբ Հայաստանի հետ համագործակցելու Պարսից ծոց - Սև ծով կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման ուղղությամբ՝ ծրագիր, որի իրականացման արդյունքում ոչ միայն անիմաստ է դառնալու մեր երկրի՝ ադրբեջանաթուրքական շրջափակումը, այլև Հայաստանը ձեռք է բերելու բոլորովին նոր կարգավիճակ:

 

Վարդան Ոսկանյան