Վեր կանգնելով Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի տեքստի բուն բովանդկության մեկնաբանությունից, այնուամենայնիվ, շատ ավելի առարկայական է կենտրոնանալ այն արդյունքների և հետևանքների վրա, ինչը կարող է առաջացնել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը ոչ միայն Հայ պահանջատիրության իրավական կողմի համար, այլև՝ Թուրքիայի հետագա «պատասխան» գործողությունների, Թուրքիա-Գերմանիա, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:
Մեր մասով, բնականաբար, նախ և առաջ առավել էական է մասնագիտական շրջանակների կողմից հնարավորինս հապճեպ կերպով Բունդեսթագի բանաձևից բխող հնարավորությունների քննարկման, կիրառելիության մեխանիզմների հաշվարկման, իրավական փաթեթավորման ուղղությունը և փաստի օգտագործումը Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության և հետևանքների վերացման գործընթացում:

 


Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերի համատեքստին, ապա, թերևս, հենց այս տիրույթում է խնդիրը բավական խնդրահարույց և որոշակիորեն անկանխատեսելի:
Մի բան ակնհայտ է, որ Գերմանիայի նման քայլի տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, քաղաքական բաղադրիչը գերակայում է բարոյականին, հակառակ դեպքում, ասենք, Գերմանիայի խորհրդարանի կողմից նմանատիպ բանաձև կընդունվեր առնվազն սրանից 1 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, իսկ նախորդ տարվա ընթացքում Գերմանիայի և Թուրքիայի միջև հատկապես քաղաքական հարաբերությունների հարթությունում բավական լուրջ շրջադարձներ են տեղի ունեցել. հետևաբար, կասկածից վեր է, որ Բեռլինի նման քայլը նաև պատասխան գործողություն էր Թուրքիայում իշխող վարչակարգի անհետևողական և շանտաժային գործելաոճի:

 


Ինչ խոսք, կասկածից վեր է նաև, որ «այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու» ոչ միայն ուղղակիորեն Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների տարաբնույթ շրջանակի, այլև, առհասարակ, Թուրքիա-ԵՄ փոխգործակցության համատեքստում. այս կառույցի ամենաառանցքային 2 դերակատարների՝ Ֆրանսիայի, հետայսու նաև Գերմանիայի հետ, փաստորեն, Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի:
Իսկ սա նշանակում է, որ փաստացի փակուղի է մտնելու Թուրքիա-ԵՄ նախկինում ձեռք բերված քաղաքական, տնտեսական համաձայնությունների կենսագործման գործընթացը և հատկապես՝ փախստականների հիմնախնդրի, մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորումը:
Նաև այս համատեքստում, պետք է դիտարկել Թուրքիայի պատասխան քայլերի շրջանակը, որը քարոզչական, հռետորաբանական, դիվանագիտական, քաղաքական հարթություններից, թուրքա-մահմեդական սփյուռքի տարամետ հնարավորություններից շատ ավելի առարկայական ազդեցություն կարող է ունենալ Եվրոպայում որոշակի ֆորս-մաժորային, «անակնկալ» իրավիճակների առաջացման գործում. որպես օրինակ՝ Անկարան բոլոր տեսակի «փախստականների» համար բացելու է բոլոր հնարավոր արտագաղթի ուղիները դեպի Եվրոպա…

 


Հաջորդ կարևոր, նաև վտանգավոր հանգամանքն այն է, որ փաստացի բռնապետության գնացող Թուրքիան, ղեկին ունենալով Ռ.Թ. Էրդողանի նման անկանխատեսելի և անհավասարակշռված առաջնորդ, այսօր հայտնվել է լուրջ միջազգային մեկուսացման մեջ՝ խնդրահարույց հարաբերություններ ունենալով ոչ միայն տարածաշրջանային մի շարք կարևոր դերակատարների, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական լրջագույն խաղացողների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, մասամբ նաև՝ Չինաստանի հետ: Այս համատեքստում, ըստ էության, արտաքին հարաբերությունների համար առկա զգալի ներուժն առարակայացնելու Թուրքիայի եզակի ուղղությունը մնում է իսլամական վեկտորը, որի իրականացման ճանապարհին, մեծ հավանականությամբ, Անկարան կարող է գնալ անգամ ռազմական այնպիսի գործողությունների, որոնք փաստի առաջ կկանգնեցնեն միջազգային հանրությանն՝ առաջացնելով Անկարայի հետ անհապաղ կերպով երկխոսելու հրամայական:

 


Հ.Գ. ԳԴՀ Բունդեսթագի կողմից վերոնշյալ բանաձևի ընդունմամբ, քրեական իրավունքի եզրաբանությամբ, փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հանցագործը՝ տվյալ դեպքում՝ նրա իրավահաջորդը՝ Թուրքիայի Հանրապետությունն, նաև սեփաան ժխտողականության պատճառով պատին է սեղմվել. նրա «հանցակիցները»՝ նախ Ավստրիան, ապա նաև Գերմանիան, ճանաչելով Հայոց ցեղասպանության իրողությունը և ընդունելով դրանում իրենց իրավանախորդների մեղսակցության հանգամանքն, ըստ էության, այդպիսով նվազեցնում են իրենց պատասխանատվության չափաբաժինը՝ տրամագծորեն հակառակ իրավիճակը ստեղծելով բուն հանցագործի համար:

 

Արմեն Պետրոսյան