Վերջին օրերին ներքաղաքական իրադարձություններում բուռն վեճի առարկա է դարձել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը մենաշնորհների վերաբերյալ:

 


Մամուլում հնչած արձագաները պետք է նշել, որ որքան էլ իրենց հիմքում ունեն որոշակի հիմնավորումներ ու միևնույն ժամանակ հանրության արդարացի բողոքի արգասիք են, այնուամենայնիվ կրում են հապճեպ ու որոշ առումներով չկշռադատված բնույթ: Բացատրեմ, թե ինչու. ըստ էության, վարչապետն իր ելույթում պարզորոշ ներկայացնում է առկա իրական խնդիրները, նշելով. «այս (սոցիալական նշանակություն ունեցող) ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»:

 


Սույն դրույթի հետ հազիվ թե որևէ մեկը համաձայն չլինի: Հատկապես բիզնես ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ առնչվել են այդ խնդրին:
Թյուրըմբռնում առաջացնում է հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ «սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»:

 


Սոցիալական խնդիրներից դժգոհ զանգվածն ու որոշ լրատվամիջոցներ այս հայտարարությունը մեկնաբանել են, իբր այդ այդպիսով փորձ է արվում պաշտպանել վերոնշյալ ապրանքների արտադրությամբ ու ներկրմամբ զբաղվող խոշոր գործարարներին, մինչդեռ հայտարարության ամբողջական տեքստին ծանոթանալով մենք եզրակացնում ենք, որ խնդիրը շատ հստակ բաձրաձայնված է կառավարական շատ բարձր մակարդակով:

 


Քննադատությունը կայանում է նաև նրանում, թե ինչու երեք շաբաթ քննարկելուց հետո արվել է այդպիսի եզրակացություն, որն առանց այդ էլ «շատերին պարզ է»: Բայց պետք է իմանալ, որ մեկ բան է պարզ լինելը բանավոր կենցաղային մակարդակում, մեկ այլ բան է կոնկրետ տվյալներով ու սահմանման միջոցով տեսակավորել բիզնեսի այդ ճյուղերը՝ հասկանալու համար, թե որ ապրանքի առնչությամբ ինչ խնդիր կա և ինչպիսի մոտեցում է հարկավոր ցուցաբերել:

 


Եվ այդ տեսակավորմանը հետևել են նոր հանձնարարականներ, ինչը խոսում է այն մասին, որ գործընթացը դեռ շարունակվում է: Ավելին, պետք է նկատել, որ մայիսի 12-ին հնչեցրած ելույթի ժամանակ վարչապետը չի խոստացել դիմել վիրահատական մեթոդների: Նա հանձնարարել է կատարել բացահայտումներ, մասնավորապես նշելով. «Հանձնարարում եմ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»:
Անհասկանալի է՝ որտեղից է հանրույան որոշ շերտերի ու որոշ լրատվամիջոցների մոտ առաջացել արագ ու կտրուկ փոփոխությունների այն ակնկալիքը, որն էլ այսօր արդեն հուսախաբության է վերածվում: Հետաքրքիր է՝ ինքնաբերաբար է առաջացել, թե ուղղորդվել է:

 

 

Տիգրանուհի Դավթյան