Գերմանիայի Կանաչների առաջնորդ , ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագի իր գործընկերներին հորդորել է չընկրկել պաշտոնական Անկարայից հնչող սպառնալիքների առջև: Նա ասել է, որ ժամանակն է, որպեսզի Գերմանիան՝ որպես երկիր, որը ցավոք, Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ընդունի՝ ինչ է կատարվել և պատասխանատվություն ստանձնի, ինչը ազդակ կլինի նաև Թուրքիայի համար:
<<Բունդեսթագի պատգամավորներին ոչինչ չի սպառնում իրենց կարծիքն արտահայտելու համար, մինչդեռ Թուրքիայում վտանգի տակ են բոլոր նրանք, ովքեր աջակցում են հայ-թուրքական հաշտեցմանը: Հայ բառը միշտ, այսօր էլ Թուրքիայում հայհոյանք է: Երբեմն ես էլ եմ արժանանում այդ հայհոյանքին, ինչպես իմ ընկեր Հրանտ Դինքը, որը սպանվեց>>, հայտարարել է Օզդեմիրը:
Մենք միշտ բոլորից պահանջում ենք արդարամտություն ու օբյեկտիվություն, սակայն ինչ-որ ես չտեսա, որ որևէ լրատվամիջոց, քաղաքական գործիչ, լրագրող շեշտեր, որ Ջեմ Օզդեմիրը, որն այդ բանաձևի նախաձեռնողներից , ջատագովներից ու պայքարողներից մեկն է՝ ազգությամբ թուրք է…
Մենք պետք է ամեն դեպքում արժանին հատուցենք այն թուրքերին, որոնք վտանգելով իրենց, ամեն ինչ անում են ցեղասպանության ճանաչման ու հայ-թուրքական հաշտեցման համար:
Ռոբերտ Մելքոնյան