Սկզբից ևեթ ընթերցողներին հետաքրքրել է Րաֆֆի գրական անվան բացատրությունը: Ինքը` Հակոբ Մելիք-Հակոբյանը, այս մասին որևէ տեղեկություն չի թողել: Րաֆֆի անվան բացատրությանն առաջին անգամ անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ» լրագրում նրա հետ աշխատած տարիներին: Այդ կապակցությամբ Լեոն գրում է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերցրել է արաբական լեզվից: Գուցե ավելորդ չէր լինի հիշատակել, որ 60- ական թվականներին Թիֆլիսի իտալական օպերայի դերասանուհիներից մեկի ազգանունն էր Րաֆֆի (Լեո, Գրիգոր Արծրունի, հատոր 2-րդ, էջ 64):


Կենսագիրներից մեկի կարծիքով րաֆֆի, ավելի ճիշտ` րաֆ-ի արաբերենից պարսկերենի անցած բառ է և մեկն է պարսկական այն տիտղոսներից, որոնք տրվում են պարսից բարձրաստիճան անձանց` պետությանը մատուցած հատուկ ծառայություննեի համար: Մեկ այլ բանասերի կարծիքով րաֆֆի ասորական բառ է, նշանակում է րաբբի կամ րաբանի, որ եբրայերեն նշանակում է վարդապետ: Նույնիսկ տարածվել է այսպիսի մի ավանդություն, ըստ որի` Պարսկաստանում ճանապարհորդելիս, տեսնելով մի բարձր լեռ, Րաֆֆին բացականչում է. 



-Որքա˜ն բարձր սար է: 
-Այո՛, բարձր սար է, այդ պատճառով էլ կոչվում է Րաֆֆի, - պատասխանում են ուղեկիցները: Այդ գեղեցիկ բառը տպավորվում է Մելիք Հակոբյանի գիտակցության մեջ, և նա որոշում է օգտագործել իբրև գրական անուն: Ֆրանսերենում րաֆֆի բառը, որ հավանաբար փոխառություն է արաբերենից, նշանակում է բարձր, վսեմ, փառավոր: Վիպասանի եղբոր որդին` Սողոմոն Տեր-Հակոբյանը, գրում է. «Գաղափարական տեսակետից մոտենալով հարցին` անհավանական չէ Րաֆֆի անվան ծագումը րաբբի բառից` նկատի ունենալով, որ Րաֆֆին կոչված էր հայ կյանքի մեջ նոր գաղափարների վարդապետը կամ քարոզիչը հանդիսանալու»: Նա գտնում է, որ Րաֆֆին իր գրական անունը վերցրել է պարսկերեն րաֆֆի բառից, որ նշանակում է վեհ, բարձր, վսեմ: Րաֆֆի բառի ստուգաբանության շուրջ բացված բանավեճին մասնակցել է նաև հայտնի իրանագետ Ռ. Աբրահամյանը` գտնելով, որ րաֆֆի-ն արաբական բառի հայացումն է` բարձր, բարձրագույն, վսեմ նշանակությամբ: Ահա այս իմաստով էլ Րաֆֆին այդ բառը դարձրել է գրական անուն:

Ե. Պետրոսյան, «Րաֆֆի», Հայպետհրատ, Երևան, 1959, էջ 117-118




Հովիկ Չարխչյան