Գրեթե բոլորս էլ դպրոցում անգիր ենք արել Ալեքսանդր Ծատուրյանի «Կարդա, այ իմ խելոք մանուկ» տողով սկսվող բանաստեղծությունը: Աշակերտական տարիներին մեզ ուսանել են, որ սա ընթերցանությունը խրախուսող, գիրքը փառաբանող ստեղծագործություն է: Սակայն քչերին է հայտնի, որ Ծատուրյանի գրչին պատկանող գործը ոչ թե ընդամենը երեք քառատող է, այլ շատ ավելի ընդարձակ և խոսքն այստեղ միայն գրքերի մասին չէ: Ահա «Գիր» վերնագրով այդ բանաստեղծության ամբողջական տարբերակը:
ԳԻՐ
Կարդա, այ իմ խելոք մանուկ,
Կարդա, գրիր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:
Գիրք կարդալով դու գրքերում
Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:
Գիրք կարդալով դու աշխարհիս
Կճանաչես չարն ու բարին.
Ո՞վ է խնդում, ով է լալիս,
Ով է զրկում խեղճ թշվառին:
Կյանքում ծածուկ էլ քեզ համար
Բան չի մնալ, որ չիմանաս,
Քո մեջ կապրի արար աշխարհ,
Հոգով այնքան կզորանաս:
Դու կիմանաս` ինչու մարդիկ
Պետք է ապրեն իրար համար,
Ինչ է մարդկանց ցավն ու կարիք,
Ինչ է լույսը, ինչ է խավար...
Կարդա, որդիս, որ հորդ պես
Դու էլ անուս, խեղճ չմնաս,
Որ ամենքին վիզ չծռես
Եվ միշտ ազատ առաջ գնաս....
Անբախտ հայրդ գիր չգիտեր,
Հողագործ էր` կարոտ ուսման,
Գյուղի անգութ վաշխառուներ
Քաղցած, ծարավ թողին նրան:
Հազարումի թուղթ գրելով`
Քո հոր տեղակ ստորագրեցին,
Հետո մեկ էլ` օր ցերեկով
Ձեր ողջ տունը կողոպտեցին:…
Շատ թափառեց նա դես ու դեն,
Դատարանի շեմքը մաշեց,
Բայց անգրագետ, անուս, անզեն`
Վերջին շունչը հողում քաշեց...
Կարդա, այ իմ խելոք մանուկ,
Կարդա, գրիր տարին բոլոր.
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը` պայծառ ու լուսավոր:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Հովիկ Չարխչյան