Տաքսիում եմ, ռադիոն միացրած է, Ավրորա մրցանակի գալիք միջոցառման մասին է։ Ասվում է, որ 4 թեկնածու կա, ու հետո սկսվում է հովանավորների կենսագրությունը պատմել։ Գավառամտությունից չենք կարողանում դուրս գալ,— մտածում եմ։ Ավրորան, այն միջոցառումն էր, երբ վերջապես արժեքային խնդիր դրվեց հայկական նախաձեռնությամբ, վեհ արժեքի մասին է խոսքը՝ մարդու կյանք փրկելու։ Փոխանակ 4 թեկնածուների ով լինելը ու արարքները լուսաբանվեն, վերջիվերջո միջոցառումը հենց նրանց արարքների համար է, լուսաբանվում է հովանավորների հայ լինելը ու թե ինչ հայ են նրանք։
Համաշխարհային պատմության մեջ տեղդ կարող ես գավառամտորեն տեսնել, կամ էլ արժեքային։ Ու հարց է ծագում, համաշխարհային պատմությունն ինչպե՞ս է մեզ մոտ ուսուցանվում։ Շատ վատ, ենթադրում եմ։ Իսկ նրանք ովքեր ԽՍՀՄ օրոք են ավարտել դպրոցը՝ ընդհանրապես համաշխարհային պատմություն չգիտեն, քանի որ շատերը կամ ընդունում են սովետական մեկնաբանությունը, կամ էլ այն կատարյալ հերքելով ողջունում են սառըպատերազմյան արևմտյան մեկնաբանությունը։ Խոսքս, իհարկե, ակտիվ պատմաբանների մասին չի, այլ հասարակ քաղաքացիների։ Բացում եմ դասագիրքը։ Ամենակարևոր պատմական էպիզոդներից մեկը՝ Կարիբյան ճգնաժամը։ Գրված է մի քանի տող, ու չեն մոռացել նշել, որ «Միկոյանը հանգուցալուծմանը էական նշանակություն է ունեցել»։ Վախ մամա ջան,— գոռում է հոգիս։ Ի՜նչ Միկոյան, այս թեման երեխաներին պետք է մի քանի դասով սովորեցնել, ոչ թե երկու տողով։ Ու հայկական դիտանկյունից նայել համաշխարհային երևույթին, ո՛չ թե գավառական (Միկոյան՝ այսինքն վերջին երեք տառը ՅԱՆ) ու դա է կարևորը։ Ո՛չ էլ սովետական, ամերիկյան կամ էլ կուբայական դիտանկյունը։ Մերը, հայկականը. ի վերջո այդ ամենի ձգանը Թուրքիայում ատոմային հրթիռները տեղաբաշխելն էր։ Թուրքիան էլ մեր հարևանն է, այստեղ կար երկաթյա վարագույր, որը միակն է, որ մինչև հիմա էլ փակ է մնացել սառը պատերազմից։ Չէ, մեր դասագիրք գրողները ՎԱՏՆ են, շատ վատը։
Վերջերս ընթերցեցի, թե Կանադայում ինչպես է ուսուցանվում Հիրոշիմայի ու Նագասակիի վրա ատոմային ռումբը նետելը։ Ուսուցիչը շատ լավ էր մեկնաբանել՝ ուսուցանում են որպես սառը պատերազմի սկիզբ, ու նույնիսկ այն չեն անցնում որպես երկրորդ համաշխարհային պատերազմի մաս։ Այո, բավական բարդ է խաղաղ բնակիչների հանդեպ ատոմային ռումբի կիրառման եզակի դեպքը մեկնաբանելը։ Առավելևս, ամերիկացիների համար սա շատ տհաճ պատմական էպիզոդ է։ Ամերիկան էլ կայսրություն է, որը ԽՍՀՄ նման չի փլուզվել, որ հանգիստ բոլորը սկսեն նրա մեղքերը վեր հանեն ու տարածեն։ ԱՄՆ-ը ընդհանրապես մեկ անգամ է ընդունել քաղաքացիների հանդեպ ռազմական հանցագործության մեղքը՝ 2-րդ համաշխարհային ժամանակ տեղաբնակ ճապոնացիների բռնի տեղահանումը։ Ռեյգանն է ընդունել հանցնանքը՝ համապատասխան փոխհատուցմամբ։ Ինչու՞ է սա կարևոր։ Կարևոր է, քանի որ երեկ Օբաման Ճապոնիայում էր, ու գնացել էր Հիրոշիմա։ Սա շատ կարևոր պատմական իրադարձություն է։ Օբաման պսակ դրեց։ Բայց ներողություն չխնդրեց։ Չի կարող ընդունել մեղքը՝ անկախ գիտական կամ այլ տեսակետներից. ամերիկյան կայսերական քաղաքական մեկնաբանությունը դեռևս անբեկանելի է։ Կանադայի ուսուցիչն էլ կարող է սա հարց դարձնել ուսուցանման ժամանակ՝ երեխաների քննական միտքը զարգացնելու համար։ Իսկ մեր մամու՞լը։ Լուսաբանե՞ց սա։ Ի՞նչ կարևորություն տվեց։ Կապե՞ց այս երևույթը սառը պատերազմի հետ, մեզ հետ, մեր անցյալի հետ։ Պարտադիր չի կապը լինի իրադարձությամբ՝ այն միշտ կա՝ այն արժեքային է, եթե գավառամիտ չես։ Կարող ես լինել նացիստ, հումանիստ, պացիֆիստ և այլն։ Բայց այդ արժեքները ոչինչ են, եթե գավառամիտ ես։ Ահա խնդիրը։ Բայց մեզ մոտ դրած քննարկում ենք Բաբաջանյանի աթոռը՝ գավառամիտ հումանիզմը կամ էլ հայրենասիրությունը շալակներիս առած։ Ինչու՞ գավառամիտ։ Հիշում եք Ավրորայից սկսեցի։ Գավառամիտ է, քանի որ ոչ թե երևույթն ենք ուսումնասիրում, ոչ թե նայում ենք համաշխարհային երևույթների ու արժենքերի պրիզմայով, այլ նկատում ենք միայն Բաբաջանյանի «ՅԱՆ»-ը ու մակերեսային ձևով այն կապում ինչ-որ բան ասելու հետ։
ՀԳ
Եթե չլիներ Տիգրան Պետրոսյանը, չէինք ունենա Լևոն Արոնյան։
Եթե չլիներ Լևոն Արոնյանը կամ Հենրիխ Մխիթարյանը, չէինք ունենա այն երիտասարդներին, որոնք այսօր նրանցով ոգևորված զբաղվում են շախմատով ու ֆուտբոլով։
Ու նման մի ոգի էլ ձևավորել էր Դավիթ Բեկը, հայդուկական շարժումը, Սարդարապատը, երկրորդ համաշխարհայինի մեր հերոսները։ Ու այս ոգին դաստիարակել էր շատերին, որոնք զոհվեցին Արցախում։ Ոգին համաշխարհային արժեք է՝ esprit de corps։
Աշոտ Խուրշուդյան