Մայիսի 26-ի կառավարության նիստում որոշվել է 2016 թ.-ի առաջին կիսամյակում Տավուշի մարզպետարանին հատկացնել 31.2 մլն. դրամ, որից 20 մլն. դրամը կտրամադրվի Ոսկևան համայնքի ճանապարհների ասֆալտապատման համար, 8.5 մլն. դրամը Ջուջևան համայնքի ջրագծի կառուցման համար, 2.7 մլն դրամը Զորական համայնքի դպրոցի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:
Ջուջևան համայնքին ուղղված 8.5 մլն. դրամով նախատեսվում է կառուցել 2,7 կմ արտաքին ցանցի խողովակաշար և 1,5 կմ ներքին ցանց, տեղադրել ջրաչափեր և այլն: Տավուշի հյուսիսում գտնվող այս գողտրիկ համայնքը արդեն քանի տարի է զրկված է մշտական ոռոգման ջուր ունենալու հնարավորությունից, իսկ ամռան ամիսներին լինում են դեպքեր, երբ գյուղն ընդհանրապես ջրազրկվում է:
Կառավարության որոշման այս նախագծով կլուծվի Ջուջևան համայնքի ջրամատակարարման խնդիրը, ինչը կարող է թեթևացնել սահմանամերձ համայնքի գյուղացու հոգսը:
Ընդ որում՝ հատկացումները կատարվելու են բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ինչը նշանակում է, որ բյուջեի այս տարվա կատարողականում այս նախագծի իրականացման արդյունքում որևէ փոփոխություն չի լինելու:
Տիգրան Հարությունյան