Երբ կենդանի մարդիկ պատերազմում են, դա սարսափելի է, երբ կենդանի մարդիկ վիճում են, դա վատ է, բայց, երբ կենդանի մարդիկ վիճում են արձանների մասին, դա արդեն ողբերգություն է, ընդ որում՝ ոչ ամենեւին արձանների համար: Տղերք, աղջիկներ, տիկնայք, պարոնայք, եթե դուք ասում եք, թե այս արձանը/կապ չունի, որ/ ձեզ դուր է գալիս, իսկ ում դուր չի գալիս, ապուշ է/ավել-պակաս/, ես էլ կարող եմ ասել, որ այս արձանը ինձ դուր չի գալիս, իսկ ում դուր է գալիս, նա ապուշ է: Առհասարակ արձանը չի կարող բոլորին դուր գալ, ինչպես, օրինակ մածունը, կամ՝ լավաշը, ավելին՝ պանիրը: Ես, օրինակ մարդ գիտեմ, որը ոչ մածուն է սիրում, ոչ պանիր, ոչ էլ լավաշ, բայց ես նրան ապուշ չեմ ասում:
Այլ հարց է այն, թե ո՞ւմ արձանն արժի դնել, ումը՝ ոչ, ումը՝ նստած, ումը՝ կանգնած, սա այլ հարց է, բայց եթե մեկը պնդում է, որ Բաբաջանյանի արձանը պետք էր դնել եւ պետք էր հենց նստած դնել, դա չի նշանակում, որ այս պնդողը ապուշ է, ինչպես եւ չի նշանակում, որ հակառակը պնդումը ապուշություն է:
Մի խոսքով, երբ կենդանի մարդիկ վիճում են արձանների շուրջ, հաղթում են միշտ արձանները, քանի որ իրենք այդ վեճին չեն մասնակցում: Առողջ եղեք, եւ գեղեցիկ՝ բոլոր առումներով:
Հովիկ Աֆյան