Այսօր աշխարհը խորը ճգնաժամի մեջ է, ինչը մարդկության հազարամյակների ընթացքում ձեռք բերված առաքինությունների ոչնչացման, ժամանակակից մարդու բարքերի անկման հետևանք է, նրա գերազանցապես նյութապաշտ հոգեբանությամբ ձևավորված սպառողական քաղաքակրթության ճգնաժամն է: Այն արտահայտվում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներում և դրսևորվում է իր հոգևոր-բարոյական, մշակութային, գաղափարա- քաղաքական, տնտեսական բնութագրերով: Այն տվյալ քաղաքակրթության մոտալուտ վախճանի մասին է գուժում, մարդկությանը' այլ արժեքային համակարգի, բոլորովին այլ հոգեվիճակի, կյանքի նկատմամբ այլ, առավել մտածված և խելամիտ մոտեցումների, վերջապես բոլորովին այլ կացութաձևի անցնելու անհրաժեշտության մասին է ահազանգում:

 


Շատ շուտով, հավանաբար այսօր էլ մարդկանց մոտ, գուցե դեռ միայն ենթագիտակցության մակարդակներում, սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ ամեն բան իրենց ճշմարիտ, Արարչի կողմից հաստատված կարգին է դարձած, որտեղ ՛՛զուգակցված են օրինապահությունը 'սիրո, արդարադատությունը' գթասրտության, հարստությունը' ողորմության, ուժը' աջակցության, կարողությունը' սպասավորության հետ՛՛ (Գարեգին Բ), որտեղ մարդու նյութական բարեկեցությունը, ունեցվածքը ստորադասված են հոգևորին և ընդամենը միջոց են, այլ ոչ ինչպես այսօր' գերագույն նպատակ:

 

Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ մարդկանց մի մասը կսկսի ապրել համաձայն այդ նոր տեսլականի, որոնց օրինակով հասարակության սպասումները ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի կդառնան: Եվ ահա այդ ժամանակ տեղի կունենա նոր, հասարակության կողմից երկար սպասված, նրա համար շատ հասկանալի, շատ հոգեհարազատ գաղափարների հաղթանակը, էապես կփոխվի արժեքային համակարգը, այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումները իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնության, պետության, աշխարհի, ամեն, ամեն ինչի նկատմամբ, իսկ հինը դեն կնետվի, կվերջանա-կգնա:

 

Արտաշես Փափազյան