Ես ծառայել եմ Արցախում։ Իմ շևրոնի վրա Արցախի դրոշն էր ու ես միշտ համարում էի ՊԲ-ի շևրոնը մեր համազգեստի ամենասիրուն ու տպավորիչ մասը, թեև դրա որակը վատն էր ու ռեզինները մի երկու լվացքից հետո պոկվում էին։ Մեր ժամանակ բանակային թիթիզություններից ամենաթիթիզը ասեղանգործած շևրոն ունենալն էր։ Այ հենց այդքան զինվորները կարևորում էին այս սիմվոլիկ ատրիբուտը։ Ու դա սրանից 10 տարի առաջ էր, երբ չկային սահմանային խոշոր բախումներ, երբ մենք նոր էինք դիրքերը առաջ տվել ու Լելե Տեպեն մեզանով արել, երբ դեռ չէր եղել Մուբարիզի դրվագը, չէին եղել տասնյակ դիվերսիոն փորձերը, 2014-ի Միկրոպատերազմը, Ապրիլյան մարտերը։
Հիմա մենակ անցումնային փուլում ենք։ Հարցը բնավ Եվրատեսիլը չի։ Դրոշ ցույց տալուց մեր խնդիրները չեն լուծվելու։ Դրոշ ցույց չտալուց էլ եսիմ ինչ չի լինելու։ Պարզապես ապրիլը փոխեց մեզ։
Դրոշ ցույց տալը, կարծում եմ, Իվետայի որոշելիքն է։ Անձամբ ես նրան չեմ դատապարտի, եթե ցույց չտա իր որոշմամբ։ Սակայն ես անկեղծորեն սպասում եմ, որ ցույց տա։ Ոչ թե նրա համար, որ դրանով եմ ապրում, ոչ էլ անգամ նրա համար, որ դա կարևոր է տեղեկատվական պատերազմի համատեքստում։ Չէ՛, պարզապես ես էն զինվորներից էի, որ ուզում էի ասեղնագործած դրոշ, որ չփչանար երկու լվացքից հետո ու հիմա էլ այն քաղաքացիներից եմ, որ համարում է, որ մեր հանրության գերակշիռ մասի պահանջմունքը ավելի գերակա է, քան Եվրատեսիլի կազմակերպիչների ու մնացած բոլոր հակադրվողների կռուտիտներն ու հակափաստարկները։ Ուզում եմ, որ մի քիչ էլ խենթ լինենք ու ապրենք մեր համար, ոչ թե Եվրոպայի կամ էլ ցանկացած այլ ուժի քմահաճույքների։
Հ․Գ․ Իմ էջում անցկացրած մինի սոցհարցմանը մասնակցեցին ու շարունակում են մասնակցել հարյուրավոր մարդիկ։ Նրանց գերակշիռ մասը կիսում է իմ այն կարծիքը, որ դրոշը պետք է ցուցադրել՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ դա կունենա Եվրատեսիլի հետագա մասնակցության առումով։
Կոնստանտին Տեր-Նակալյան