«Ադրբեջանական փողոցում» բուռն արձագանք է բարձրացրել լրատվամիջոցներից մեկում հապարակված՝ «Ինչպե՞ս են Ալիևները աշխարհին ճանաչել տալիս մեր երկիրը» վերտառությամբ հոդվածը, որտեղ մեջբերվել է նաև Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունը՝ «ո՞վ էր նախկինում ճանաչում Ադրբեջանը»: Իսկ «թե ինչպե՞ս են Ալիևները հայտնի դարձրել Ադրբեջանը» հարցին ի պատասխան ներկայացվել է հետևյալ տեսակետը՝«միայն կաշառքով, կոռուպցիայի բարձր մակարդակով, մարդու հիմնարար ազատությունների իրավունքների ոտնահարմամբ և այլն»:

 

Թեմայի առնչությամբ «ադրբեջանական փողոցում» տիրող հակաալիևյան և առհասարակ հակաիշխանական տրամադրություններն առարկայացել են նույնանման բովանդակությամբ արտահայտություններով՝ «գալու է ժամանակ, երբ մենք Սոմալիի, Ջիբութիի, Մոզամբիկի և, ընդհանրապես, աշխարհի ամենահետամնաց պետություններից էլ վատ ենք ապրելու, և այդ ժամանակը հեռու չէ»: Քննարկումների ընթացքում վերոնշյալ կարծիքներին ընդդիմացողները հիմնականում նշել են. «Դադարեցրե՛ք հուսահատություն տարածել:

 

Եթե շարունակեք նման մոտեցումներ արտահայտել, ո՞ր զինվորն այլևս ցանկություն կունենա պաշտպանելու հայրենիքը: Նայեք տարածաշրջանային իրավիճակին. հայերը բավական չէին, մի կողմից Իրանն է Ադրբեջանին սեղմում, մյուս կողմից' Ռուսաստանը»:

 

Արմեն Պետրոսյան