Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» մարտական ուղեցույցը... Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ բացառիկ է Նիկոլ Դումանի դերը: 1905-06 թթ. ցարական կառավարության կողմից հրահրված հայ-թաթարական բախումների ժամանակ Դումանը հայերի ինքնապաշտպանության գլխավոր կազմակերպիչներից էր Բաքվում, Երևանի նահանգում և այլուր: Նրա անմիջական ղեկավարությամբ տեղերում ստեղծվեցին հայկական ինքնապաշտպանական խմբեր, որոնք արժանի հակահարված տվեցին թաթար զինված հրոսակներին` զգալի մարդկային կորուստեր պատճառելով նրանց: Հաղթական այդ մարտերի կարևոր փորձը Դումանը ամփոփեց 1907-ին Ժնևում լույս տեսած «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատության մեջ: Այսպիսով, Դումանի «Նախագիծ»-ը և Զորավար Անդրանիկի «Մարտական հրահանգներ»-ը (1906) փաստորեն առաջին հրապարակված հայերեն մարտական կանոնադրությունները դարձան:




Նիկոլ Դումանի ուղեցույցը բաղկացած է ներածությունից, «Կազմակերպում», «Պաշտպանումն», «Հարձակում» գլուխներից և վերջաբանից: Սեփական փորձից ելնելով, Դումանը գրում է. «Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն եւ՛ թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել՝ պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար»:




Ինքնապաշտպանությունը տարածական ընդգրկման առումով Նիկոլ Դումանը բաժանում է երեք մասի` ըստ քաղաքների, գյուղերի եւ շրջանների:
Քաղաքային պայմաններում, օրինակ, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար նա նախատեսում է քաղաքը բաժանել ըստ թաղերի եւ ստեղծել երեք կարգի խումբ.
ա) մնայուն խումբ, որը կռվի ժամանակ մնում է իր թաղում,
բ) թռուցիկ խումբ, որը եւս գործում է թաղում, սակայն, ըստ անհրաժեշտության, օգնության նետվում կռվի թեժ վայրերը, կամ թաղի վտանգավոր ծայրը,
գ) շրջիկ խումբ, որը գործում է ամբողջ քաղաքի տարածքում, անհրաժեշտության դեպքում բաժանվում մասերի եւ զբաղվում առաջին դիմադրության կազմակերպմամբ ինչպես քաղաքի բազմամարդ մասերում, այնպես էլ ճանապարհների վրա:




Նիկոլ Դումանը նշում է, որ իր այս աշխատությունը հիրավի ռազմաստրատեգիական մի «ամբողջացած մեքենա է, որի կանոնավոր շարժումը կխանգարվի` եթե նրանից հանենք թեկուզ մի պտուտակ»: Մինչ այսօր արդիական է հնչում Դումանի այն միտքը, որ հայությունը հայտնվել է բնաջնջվելու վտանգի տակ, ուստի «այլեւս տատանումը հանցանք է: Ամեն մարդ, որ զգում է դրության լրջությունը, պետք է ասի իր խոսքը, պետք է հորդորի, որ Հայոց այդ երեք գլխավոր հատվածները պատրաստվեն ինքնապաշտպանության»:


Ռուբեն Շուխյան