Մեր երկրում այնպիսի օրենքների նախագծեր են մշակվում, որոնք ուշադիր նայելու դեպքում հասկանում ես, որ ուղիղ հակառակն էր պետք անել:
Դրա վառ օրինակներից է բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկետման իրավունքի վերացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով ենթադրվում է չտրամադրել ուսանողներին /պարզ է, որ խոսքը գնում է արական սեռի ուսանողների մասին/ տարեկետման իրավունք:
Նախաձեռնության հեղինակը /կամ հեղինակները/ պնդում են, որ տարեկետման իրավունքի պահպանումը առաջացնում է բուհում կոռուպցիոն ռիսկեր, և նոր նախագծով ենթադրվում է վերացնել այդ ռիսկերը:
Մինչդեռ, իմ կարծիքով, պետք է անել ուղիղ հակառակը. ոչ թե վերացնել տարեկետման իրավունքը, այլ արական սեռի բոլոր ներկայացուցիչներին տալ տարեկետման իրավունք մինչև բակալավրատը ավարտելը: Ինչու՞. որովհետև կրթությունը պետք է լինի ԱՆԸՆԴՀԱՏ: Կրթությունը հղիության պես բան է՝ որպեսզի արդյունք լինի, այն պետք է լինի անընդհատ:
Չի կարելի ընդհատել ուսանողի կրթությունը՝ հույս ունենալով, թե նա երկու տարի հետո կվերադառնա և կշարունակի սովորել այնպես, կարծես թե ոչինչ էլ չի եղել:
Ասե՞մ, թե ինչպես են սովորում այս տղաներն, ովքեր գիտեն, որ մի քանի ամիս հետո գնալու են բանակ. նրանց մեծ մասը պարզապես չի սովորում, ասում է՝ միևնույն է մի քանի ամիս հետո գնալու եմ բանակ և ամեն ինչ մոռանամ: Իսկ ծառայությունից վերադառնալուց հետո, մինչև ուշկի են գալիս, ադապտացվում են քաղաքացիական կյանքին և որոշում են սովորել՝ ավարտելու ժամանակն է գալիս: Արդյունքում գրեթե ոչ մի բան չեն սովորում: Դեպքեր կան, որ այդպես ավարտում են՝ սովորելու ողջ ընթացքում անգամ մի գիրք չբացելով:
Լուծումը ոչ թե տարեկետման իրավունքի վերացումն է, այլ ուղիղ հակառակը՝ տարեկետման իրավունքի երկարացումը 4 տարով, որպեսզի այդ ուսանողները չգան դասի՝ բանակում մոտակա ծառայության տեսլականը աչքի առաջ, այլ իմանալով, որ 4 տարի պետք է սովորեն, իսկ եթե չսովորեն՝ այդ դեպքում դուրս կմնան բուհից և կգնան ծառայության:
Տարեկետման իրավունքի վերացումով կոռուպցիոն ռիսկերի վերացումը պայմանավորելը նույնն է, թե ասես՝ նորածինների մեջ մահացության աստիճանը բարձր է, եկեք երեխա չունենանք:
Հ.Գ. Ենթադրում եմ, որ նման տիպի օրենսդրական նախաձեռնությունները, որոնք իրականում լավ մշակված և մտածված չեն, արվում են պարզապես <պտիչկայի> համար, որպեսզի հետո այդ մարդու կենսագրության մեջ գրվի, որ նա հանդես է եկել օրենսդրական այսքան նախաձեռնություններով: Այդտեղ չի գրվելու, իհարկե, թե քանիսն էին խելքին մոտ, իսկ քանիսը՝ խելքից դուրս:
Հ.Գ. Լավ կլինի, որ կրթությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ մշակելիս պատգամավորները հարցնեին ոչ միայն իրենց երեխաների, վերևի հարևանի և իրենց հետ բեսեդկայում նարդի խաղացողի կարծիքը, այլև կրթության ոլորտի հետ անմիջական կապ ունեցող, ամեն օր լսարան մտնող և ուսանողի հետ շփվող մարդկանց կարծիքը: Չեմ ասում, թե վերջիններս ճշմարտության չափանիշ են, բայց ավելի ամբողջական պատկեր ունենալու համար նրանց կարծիքն իմանալը չէր խանգարի:
Մովսես Դեմիրճյան