ՕՐԵՆՔԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի և հանուն մեր օրենքների» (Գիրք առաջին մակաբայեցիների 3:21)
Պետության «հոգին» օրենքն է: Այդ հոգու սպանությունը համարժեք է պետության ոչնչացմանը, որը հնարավոր է երկու եղանակով՝ դրսից և ներսից:

 

Արտաքին գործոնը, որով կարող է սպանվել պետության հոգին՝ օրենքը, օտարի կողմից պետության զավթումն է, դրա հետևանքով ինքնիշխանության կորուստը, երբ երկրի օրենքները դադարում են գործելուց: Նմանատիպ ներքին գործոն է օրենքների խախտումը սեփական քաղաքացիների կողմից, առավելաբար՝ իշխանական կառույցների. երբ օրինազանցությունը վերածվում է նորմի, օրենքները դադարում են գործելուց նույն կերպ, ինչպես ինքնիշխանության վերացման ժամանակ: Հասկանալի է, թե ինչու էր Արիստոտելը մի շարքի վրա դասում զինվորականներին ու արդարադատություն իրականացնողներին՝ ձևակերպելով. «պետության հոգին են զինվորականները և դատավորները»: Մեծ փիլիսոփան փաստացի վկայակոչում է պետական իշխանության երկու այն օղակները, որոնք կոչված են երաշխավորելու պետության կյանքն ու կենսունակությունը վերոհիշյալ երկու մահացու գործոններից օրենքները պաշտպանելու ճանապարհով՝ զինվորականները՝ արտաքին կործանարար ուժից, դատավորները՝ ներքին:

 


Հետևաբար, սուրբգրային մեջբերման մեջ, թե՝ «Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի և հանուն մեր օրենքների», խոսքը ոչ միայն և ոչ այնքան անձնական կյանքի մասին է, որքան երկրի կյանքի, որը պայմանավորված է միայն ու միայն նրա օրենքների գործելուց և նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունից:
(քաղված է Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» գրքից)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան