Ինձ մի հարց է հետաքրքրում, թվում է թե այսօր Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երկրորդական, բայց ամեն դեպքում կարծում եմ կարևոր: 4 օրյա պատերազմի ընթացքում տարբեր կամավորական խմբեր գնացին սահման, զինվեցին: Չեմ բացառում, որ շարքերում եղած կլինեն մարդիկ, ովքեր առիթը բաց չթողնելով փորձած կլինեն զենքի՝ հատկապես կալաշնիկով ավտոմատի տեր դառնալ, կամ հենց հատուկ այդ նպատակով էլ մեկնած լինեն: Այդ ճանապարհով զենքը կարող է հայտնվել հայաստանյան բանդաների, օրենքով գողերի, նրանց զավակների և այլոց ձեռքը և ապա կիրառվել միմյանց դեմ հաշիվներ մաքրելու ժամանակ:
Հուսով եմ ուժային կառույցները պատշաճ վերահսկել են զենքի տրամադրման, հանձնման գործընթացը և կազմակերպված հաշվառում է իրականացվել, իսկ եթե ոչ, կարծում եմ մտահոգությունս տեղին է: Չեմ ուզենա նաև մտածել, որ այդ ճանապարհով ինչ որ մեկի ձեռքում է հայտնվել երեկ ավտոբուսում գտնվող պայթուցիկը, որովհետև առնվազն հետևյալը կարելի է ենթադրել, եթե ահաբեկչական ակտ չէ, քանի որ սովորաբար նման դեպքերում բեկորային ռումբ են օգտագործում, որպեսզի հնարավորինս մեծ վնաս պատճառեն, ապա պայթյունի հետևանքները առնվազն թույլ են տալիս եզրակացնել, որ ինչ էլ որ պայթելիս լիներ, առնվազն 300 տրոտիլ հզորություն պիտի ունենար, նման վնաս պատճառելու համար: Այդ դեպքում հարց է առաջանում, եթե պայթուցիկը ռազմական նշանակության չի եղել, ապա առնվազն այլ նյութի դեպքում, մի քանի կիլոգրամ էր պետք, որպեսզի 300 տրոտիլ հզորությանը համարժեք պայթյուն առաջացներ:
Ինչ կասեք?
Իհարկե սա միայն վարկածներից մեկն է, դեռևս չեն ժխտվել ահաբեկչական ակտը, ներսում ինչ որ ուժերի կողմից երկիրն իրար խառնելու փորձելը, Ղարաբաղյան իրադարձություններից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով նման ակտի կազմակերպման փաստը և այլն: Իմ ենթադրած վարկածի դեպքում առնվազն գործ ենք ունեցել անզգուշության հետ, իհարկե այն դեպքում, եթե պարզվի որ պայթուցիկը մահացածի մոտ է եղել: Իսկ եթե նստարանի տակ է ամրացված եղել, այստեղ արդեն անիմաստ է այլ վարկած դիտարկելը, քան այն, որ դա կանխամտածված ակտ է եղել, որի իրական նպատակը բնականաբար երբեք չի բացահայտվի, ընդորում անմտություն է կարծել, որ նյութը ինքն իրենով առանց համապատասխան միջամտության կարող էր պայթել, էլ չեմ ասում, եթե նստարանի տակ է եղել:
Տիգրան Հարությունյան