Հակառուսական հիսթերիան դադարեցնել է պետք ու մեր պահանջները էմոցիոնալ դաշտից՝ դիվանագիտական-քաղաքական դաշտ տեղափոխել։ Սա իհարկե չի նշանակում, որ Լավրովի այցին պետք է հանրությունը խմբերով դուրս գա փողոց՝ վանկարկելով «օրհնվի էն սհաթը․․․»։ Սակայն չի էլ նշանակում, որ պետք է Ուկրաինայի օրինակով այլ ծայրահեղության մեջ ընկնել։
Ռուսաստանում պետք է հասկանան, որ մեծ սխալ գործեցին, երբ արխայնացան Հայաստանի մասով ու այլևս ոչ մի լուրջ ջանք չգործադրեցին՝ բարեկամական հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ, որովհետև համարում էին, որ Հայաստանում ամեն ինչ իշխանությունները վերահսկում են, արևմտամետ ընդդիմությունը մարգինալիզացված է և ներկայացուցչական չէ և հայերն ապրիորի ռուսամետ են։
Ռուսաստանը պետք է հստակ գիտակցի ստեղծված իրավիճակը, հանրությունում առկա զայրույթի աստիճանն ու դրա օբյեկտիվ պատճառները։ Մենք էլ մեր հերթին պետք է հասկանանք, որ միայն փողոցային ակցիաներով ու հակառուսականության հիսթերիաներով հեռուն չենք գնա, և այս էներգիան պետք է ուղղվի կառուցողական հուն, որպեսզի կարողանանք դրական դիվիդենտներ քաղել այդ ամենից։
Այլ կերպ ասած, պետք է դժգոհության ֆոն՝ փողոցում, որպեսզի մերոնք խոսելու տեղ ունենան բանակցությունների սեղանի շուրջ։ Դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս այս փուլում և թեև վստահ եմ, որ պղտոր ջրում ձոըկ բռնողների պակաս չի լինի, այդուհանդերձ, պետք է պահպանել սառնասրտությունը և հիմնվել ազգային պրագմատիկ շահի, այլ ոչ թե ինդիվիդուալ զգացմունքայնության վրա։
Վազգեն Ղազարյան