Կրթությամբ բժիշկ եմ: Առողջագետ - մարդու և համայնքի: Էս 20-25 տարի փորձել ենք մի հիվանդի բժշկություն անել – մեր երկիրը: Հիվանդը մեզ չի դիմել ու չի խնդրել: Իրեն առողջ է համարել: Ապաշնորհ ենք եղել – ոչ մեր տված ախտորոշումն է ընդունել, ոչ ապաքինման միջոցները: Իրեն չենք մեղադրել: Երբ ծանր հիվանդը իրեն առողջ է համարում, ուրեմն… Իմացել ենք՝ հիվանդ ազգի ապաքինման միակ միջոցը իր բնիկ մշակույթն է և կրթություն-դաստիարակությունը: Բայց մշակած կրթական համակարգը ձեռքներիս է մնացել:
Էս մի անգամ էլ փորձեմ: Զինավառ ընկերս չկա, բայց մենակ չեմ: Նախ՝ ախտորոշումը: Հայ ԳԵՆՈՄԸ – գեների գումարը, ունի առողջ միջուկ: Վերջին հազար տարում սրա վրայով սուլթանա-ցարական-բոլշևիկյան սարանչան է անցել: Եվ իր ծնած մութը: Գենոմը զգալիորեն մրկել ու փչացել է: Շատ մուտացիաներ են եղել: Պետական ազգը դարձել է անպետական: Արտաշիսյան ավանդույթը կորսվել է:
Վտանգի ու օրհասի ժամին միջուկն արթնանում է, զվարթանում է, ծաղկում է: Հիշեք – Սարդարապատից սկսյալ մինչև էս ապրիլի 2-5-ը: Հայ գենոմը սիրում է Հողը: Ուշքը գնում է… Ելնում ու հաղթում է:
Բայց հողից անդին շատ բան կա – Լեզու, Երգ, Աշխատանք, Պատիվ, Պետություն: Ոգի: Էստեղ Հայ Գենոմը թաղկում է: Մուտացիաները ծածկել են կորիզը, գենոմը մոռանում է Պատիվ ու Պետություն: Եվ ընկնում է ցեխերի մեջ: Ցեխից դուրս գալու համար՝ ենթագիտակցորեն պատերազմ է ուզում: Զոհեր է ուզում, որ մի քանի օրով մաքրվի, հերոսանա: Էդ մի քանի օրն անցնում է… Եվ նորից ցեխը կանչում է…
Հայ Գենոմը հող հանձնել չի ուզում: Հողի խնդիրը ՀԱՍԿԱՆՈՒՄ Է: Բայց հոգին հանձնում է: Պատիվ ու պետություն հանձնում է: Քանի՛ անգամ, ո՛ր խայտառակությունը հիշեմ: Երեկվանը:
Սա է ախտորոշումը: Հայ Գենոմը կարիք ունի բուժման: Հղի կնոջից ու պտղից սկսած՝ մինչև խորին ծերը – ապաքինման մի համակարգ մշակել ու լույս աշխարհ ենք հանել: Վերևում ինքս մեզ՝ երկիրը ապաքինողներիս, ապաշնորհ կոչեցի: Սխալ արեցի: Ինքս մեզ զրպարտեցի: Հիմա վերջնականը ու ճիշտը լսեք:
Հայ Գենոմ, սիրում եմ քո միջուկը: Քո երկնած Մշակույթը – պաշտամունքս է: Հայ գենոմ – մուտացիաներով եղծացյալ և թափառյալ՝ պատմության ցեխերի մեջ – քեզ արհամարհում եմ: Դառն ինքնարհամարհանք – ես էլ քո մասն եմ: Դու ծնել ես բազում զավակներ, որոնց հայրը սուլթանա-ցարական-բոլշևիկյան սերմացուն է – արդ՝ եկել է ինքնաճանաչման ժամը: Անողոք նշտար է ձեռքներիս – բացել կուզենք թարախակույտերդ:
Հայ Գենոմ: Մոռացել ես պատվել Միտքը: Գիրը: Եվ էլի շատ բան: Եթե սրանց տեր չկանգնես, ապա կկորցնես նաև Հողը: Կլինես թափառական – խավրծիլդ ուրիշն է ուտելու:
Բացեմ մեր Պլանը: Գիտակցության նշտարով զարկելու ենք: «Պետություն» անվան տակ թաքնվող հրեշին: «Իշխանություն-ընդդիմություն» կոչվող միացյալ հրեշին, «անհատ» կոչվող հրեշին, էս տողերը կարդացող հրեշին: Եվ ասելու ենք՝ ՀԱՅ ԱԶԳԸ ԱՆՏԵ՞Ր ԵՔ ԿԱՐԾԵԼ: Կա առնվազն 10 մարդ, որ գիտի Ուղին: Անողոք ենք լինելու:
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
18 ապրիլի 2016թ.